Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Իսրայելի նախագահին - Mediamax.am

2916 դիտում

Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Իսրայելի նախագահին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանն ապրիլի 7-ին իր հավատարմագրերն է հանձնել Իսրայելի Պետության նախագահ Յիցխակ Հերցոգին:

«Արարողությանը հետեւած զրույցն ընդգրկեց երկկողմ հարաբերություններին, հայ եւ հրեա ժողովուրդների բազմադարյա կապերին ու ընդհանրություններին, Իսրայելում բնակվող հայ համայնքին առնչվող եւ այլ հարցեր», - ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2020թ. նոյեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսրայելի իշխանություններին առաջարկել էր մարդասիրական օգնություն տրամադրել ոչ թե հայերին, այլ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմում կռվող սիրիացի վարձկաններին:

 

«Մի երկրի մարդասիրական օգնություն, որը զենք է վաճառում վարձկաններին, որն օգտագործվում է քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համա՞ր: Ես առաջարկում եմ Իսրայելին ուղարկել այս օգնությունը վարձկաններին եւ ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն», - ասել էր Փաշինյանը The Jerusalem Post-ին տված հարցազրույցում:

 

«Իսրայելը պետք է իրեն հարց տա. արդյո՞ք նա վարձկանների հետ միասին չի պայքարում Լեռնային Ղարաբաղի դեմ: Որքանո՞վ է նման հարեւանությունը հարմարավետ իր համար: Եթե հարմարավետ է, Աստված նրա հետ: Բայց ես կարծում եմ, որ լինելու են կոնկրետ հետեւանքներ, որոնց դուք ստիպված կլինեք բախվել», - նշել էր Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին