Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալիեւի հետ հանդիպումից - Mediamax.am

3227 դիտում

Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալիեւի հետ հանդիպումից


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում մանրամասներ է ներկայացրել ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած իր հանդիպումից:

Նա հայտնել է, որ այդ հանդիպման արդյունքներով երկու հարցի վերաբերյալ որոշում է կայացվել:

 

«Առաջինը երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները եւ այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ եւ շփումներ:

 

Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացրած սկզբունքները եւ հարցերը պետք է ի մի բերվեն եւ բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա հիշեցրել է, որ կառավարության նախորդ նիստում բարձրաձայնել է սրա վերաբերյալ ՀՀ կառավարության նկատառումները:

 

«Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացմանը, մասնավորապես՝ Փառուխի դեպքերին, բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի: Կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումն ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, քանի որ խոսքն, այնուամենայնիվ, ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, եւ այս հարցը ավելի պիտի պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք եւ կանենք»,- նշել է նա:

 

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ երկրորդ որոշումը մինչեւ ապրիլի վերջ Հայաստան-Ադրբեջան սահմանազատմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին է:

 

«Այդ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ՝ առաջինը բուն սահմանագծման աշխատանքներն են, երկրորդը՝ սահմանի երկայնքով անվտանգության եւ կայունության ապահովումը։ Այս թեմայով քննարկումները, այդ թվում՝ ՌԴ միջնորդությամբ, տեղի են ունենում շուրջ մեկ տարի եւ, ի վերջո, այսպիսի կոմպրոմիսային որոշման հանգեցինք։ ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որ Հայաստանի վերահսկողության ներքո են եւ այս հարցերը պետք է լուծվեն բանակցությունների արդյունքում՝ իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա»:

 

Նրա խոսքով՝ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների աջակցելու պատրաստակամություն են հայտնել Ռուսաստանը եւ Եվրամիությունը:

 

«Քննարկման առարկաներից է եղել նաեւ տարածաշրջանայի կոմունիկացիաների բացման հարցը, որի շուրջ արձանագրել ենք որոշակի տարընթերցումներ եւ պայմանավորվել ենք շարունակել աշխատանքը՝ լուծումներ գտնելու ուղղությամբ։

 

Եթե ընդհանուր գնահատական տալու լինեմ բրյուսելյան հանդիպմանը՝ պիտի արձանագրեմ, որ երկու ուղղությամբ առաջ գնալու պայմանավորվածություն է ձեռք բերվել եւ հետագա գնահատականը կախված է համաձայնությունների գործնական կիրառման փուլում արձանագրվելիք արդյունքներից»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին