Երեւանը համանախագահ երկրներից խաղաղ բանակցությունների կազմակերպում է ակնկալում - Mediamax.am

3748 դիտում

Երեւանը համանախագահ երկրներից խաղաղ բանակցությունների կազմակերպում է ակնկալում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այս մասին ասել է Երեւանում ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնեւ Ռաուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

 

«Սա հատկապես կարեւոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իր քաղաքականությունը շարունակելու համար», - ասել է Արարատ Միրզոյանը:

 

Նրա խոսքով՝ ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Արցախի Փառուխ գյուղ նախապես ծրագրված ագրեսիա էր, ինչը բացահայտ արհամարհանք է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ։

 

«Այս իրավիճակում ԵԱՀԿ գործող նախագահի եւ միջազգային հանրության հստակ արձագանքը դառնում է հրամայական: Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առաջիկայում կկարողանա կազմակերպել խաղաղ բանակցություններ՝ համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով», - նշել է նախարարը:

 

Զբիգնեւ Ռաուին վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հանձնառությունը՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար:

 

«Իմ լրջագույն մտահոգությունն այն է, որ տարածաշրջանում անվտանգության իրավիճակը մնում է անկայուն: ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը վճռականորեն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը դյուրացնելուն ուղղված բոլոր նախաձեռնություններին։ Իրական երկխոսությունը չափազանց կարեւոր է վստահության եւ էսկալացիայի առաջխաղացման համար։ Մենք վճռական ենք դիմել ինչպես Հայաստանին, այնպես էլ՝ Ադրբեջանին` բարեխղճորեն ներգրավվելու բանակցություններում՝ առկա բոլոր խնդիրների համապարփակ լուծմանը հասնելու համար», - ասել է ԵԱՀԿ գործող նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին