Յոշկա Ֆիշեր. Այս պատերազմը պետք է վերափոխի Եվրոպան եւ ԵՄ-ն - Mediamax.am

exclusive
3465 դիտում

Յոշկա Ֆիշեր. Այս պատերազմը պետք է վերափոխի Եվրոպան եւ ԵՄ-ն


Յոշկա Ֆիշերը
Յոշկա Ֆիշերը

Լուսանկարը` REUTERS

Յոշկա Ֆիշերը եւ Վլադիմիր Պուտինը 2001 թվականին
Յոշկա Ֆիշերը եւ Վլադիմիր Պուտինը 2001 թվականին

Լուսանկարը` REUTERS

Յոշկա Ֆիշերը
Յոշկա Ֆիշերը

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ Գերմանիայի նախկին արտգործնախարար եւ փոխկանցլեր Յոշկա Ֆիշերի հոդվածից՝ գրված Project Syndicate-ի համար:

 

Պատերազմը վերադարձել է Եվրոպա։ Մեկ ամիս առաջ եվրոպական մեծ տերությունը հարձակվեց իր փոքր հարեւանի վրա, որը, նրա կարծիքով, իրավունք չունի գոյություն ունենալ որպես ինքնիշխան ազգային պետություն, եւ նույնիսկ սպառնաց միջուկային զենք կիրառել նրանց դեմ, ովքեր իրեն մարտահրավեր կնետեն: Աշխարհն ամբողջությամբ փոխվել է։ Եվրոպան պետք է փոխվի նրա հետ։

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի դեմ իր ագրեսիայով միտումնավոր ավերեց եվրոպական աշխարհի հիմքերը եւ, որոշ չափով, նաեւ հետսառըպատերազմյան միջազգային կարգը։ Ոչ միայն վատթարացել են

Ռուսաստանի եւ Արեւմուտքի դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունները, բայց եւ բավականին հավանական է ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ ռազմական բախումը:

 

Այսօր աշխարհը պետք է դիմակայի Եվրոպայում ընթացող պատերազմի՝ համաշխարհային հակամարտության վերաճելու ռիսկերին: Եթե Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվի, այն աննախադեպ ծավալի ավերածությունների պատճառ կդառնա:

 

Անկասկած, Պուտինը մի քանի լուրջ սխալ է թույլ տվել։ Նրա բլից-կրիգը պետք է գլխատեր ժողովրդավարական ճանապարհով ընտրված ուկրաինական կառավարությանը եւ փոխարիներ այն խամաճիկային ռեժիմով: Բայց նա գերագնահատեց ռուսական բանակի հզորությունը եւ թերագնահատեց  ուկրաինացիների պատրաստակամությունը՝ պայքարելու իրենց երկրի եւ ազատության համար:

Յոշկա Ֆիշերը եւ Վլադիմիր Պուտինը 2001 թվականին Յոշկա Ֆիշերը եւ Վլադիմիր Պուտինը 2001 թվականին

Լուսանկարը` REUTERS

Պուտինը թերագնահատեց նաեւ ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը: Նա, անկասկած, ակնկալում էր որոշակի հակահարված, բայց, ըստ երեւույթին, իր համար անսպասելի էր Արեւմուտքի նման արագ, վճռական ու միասնական արձագանքը։

 

Եվրոպացիները ԵՄ-ի ներսում եւ նրանից դուրս հասկանում են, որ Պուտինի ագրեսիան ուղղված է ոչ միայն Ուկրաինայի դեմ։ Ռուսաստանը հարձակում է սկսել մեր ամենանվիրական արժեքների դեմ՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, խաղաղ գոյակցության եւ սահմանների անձեռնմխելիության։ Եթե Ուկրաինայի դեմ պատերազմը հարձակում է բոլորիս վրա, ապա միակ համարժեք արձագանքը մեր միասնական պատասխանն է։

 

Չնայած Եվրոպայի միասնությունը գովասանքի է արժանի, դեռ շատ անելիքներ կան: Դեռ պարզ չէ, թե ինչպես կզարգանա պատերազմն Ուկրաինայում, եւ արդյոք Ուկրաինան կմնա որպես անկախ երկիր։ Սակայն կասկած չկա, որ պատերազմը կունենա խորը երկարաժամկետ հետեւանքներ՝ պոտենցիալ առումով նույնիսկ ավելի խորը, քան այն առանցքային տարիներին, երբ ավարտվեց Սառը պատերազմը:

 

Նախ՝ Ռուսաստանի նկատմամբ անվստահությունը դեռ երկար կպահպանվի։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանի հետ Արեւմուտքի հարաբերությունները երկար ժամանակ եվրոպական խաղաղության հիմքն էին հանդիսանում, Եվրոպան պետք է փոխի իր մոտեցումը անվտանգության հարցում: Մասնավորապես, ՆԱՏՕ-ի արեւելյան թեւը եւ ԵՄ-ի արեւելյան սահմանը կմնան խոցելի՝ ինչը ռազմական պաշտպանության ավելի բարձր մակարդակ կպահանջի։ Այս խնդիրը, որի լուծումը պետք է հավասարապես բաշխվի ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի միջեւ, պետք է ԵՄ-ն աշխարհաքաղաքական խաղացող դարձնի:

 

Մինչ այժմ ԵՄ-ին հասանելի միակ աշխարհաքաղաքական գործիքը անդամակցության խոստումն էր եւ խաղաղության, բարգավաճման եւ օրենքի գերակայության հարգանքի հեռանկարները: Սակայն, ինչպես ցույց տվեց այս դարեսկզբին ԵՄ-ի արեւելյան ընդլայնումը, միայն անդամակցությունը բավարար չէ երաշխավորելու, որ երկիրը կավարտի ակնկալվող աշխարհաքաղաքական վերափոխումը:

 

Բախվելով Արեւմտյան Բալկանների, ինչպես նաեւ Թուրքիայի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ակնկալիքների հետ՝ ԵՄ-ն պետք է ավելի ճկուն, արձագանքող եւ մանրամասն մշակված համակարգ զարգացնի: Հակառակ դեպքում այն կարող է պարզապես փլուզվել։ ԵՄ-ի վերափոխումը քաղաքական, անվտանգային եւ պաշտպանական միության կատարյալ հնարավորություններ է բացում։

Յոշկա Ֆիշերը Յոշկա Ֆիշերը

Լուսանկարը` REUTERS

Այս նոր Եվրոպայի ձեւավորման ընթացքում կարելի է նշմարել ԵՄ-ին անդամակցելու նոր ուղի՝ բաղկացած մի քանի փուլից, որոնցից յուրաքանչյուրն կունենա իր չափանիշները, իրավունքներն ու պարտականությունները: Հաջորդ փուլին անցնելու համար երկիրը պետք է համապատասխանի տնտեսության, օրենքի գերակայության, անվտանգության եւ այլ ոլորտների համար սահմանված չափանիշներին: Որոշ երկրներ կարող են արագ առաջընթաց ունենալ, իսկ մյուսները՝ երբեք չհասնել ԵՄ անդամակցության ամենաբարձր մակարդակին: Սակայն դաշինքի հետ կապերից կշահեն բոլորը։

 

Պուտինի պատերազմը միավորել է Եվրոպան ավելի քան երբեւէ։ Այժմ խնդիրը ընդհանուր նպատակի այս զգացումը պահպանելն է եւ ավելի ուժեղ, տոկուն եւ ինքնաբավ ԵՄ կառուցելը, որը կարող է առաջ մղել իր աշխարհաքաղաքական շահերը մեծ ուժերի նորացված մրցակցության աշխարհում: Դաշինքները, հատկապես ԱՄՆ-ի եւ Կանադայի հետ, անշուշտ, կարեւոր դեր կխաղան: Բայց մինչ եվրոպացիները հիանում են ուկրաինացիների խիզախությամբ եւ քաջությամբ, մենք պետք է նաեւ նրանցից մի կարեւոր դաս քաղենք. ոչ ոք չի կռվի ձեզ համար՝ ձեր ընտանիքի, ձեր երկրի եւ ձեր ապագայի համար նույնքան ուժեղ, որքան ինքներդ:

 

Copyright: Project Syndicate, 2022.

www.project-syndicate.org

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին