Աշխարհն ու ուկրաինական ճգնաժամը. ով է շահում եւ ով՝ կորցնում - Mediamax.am

4704 դիտում

Աշխարհն ու ուկրաինական ճգնաժամը. ով է շահում եւ ով՝ կորցնում


Լուսանկարը` Aris Messinis/AFP

Լուսանկարը` Aris Messinis/AFP

Լուսանկարը` Aris Messinis/AFP

Լուսանկարը` Aris Messinis/AFP

Լուսանկարը` Aris Messinis/AFP


Ներկայացնում ենք հատվածներ ռուսաստանյան «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն Իվան Տիմոֆեեւի հոդվածից:

 

Ամենալուրջ կորուստները կրում է Եվրամիությունը

 

Ամենալուրջ կորուստները կրում է Եվրամիությունը։ Դրանք կապված են Ռուսաստանի հետ բազմաթիվ առեւտրատնտեսական կապերի խզման հետ։ Հիմնական մարտահրավերը եվրոպական շուկայում ռուսական նավթի, գազի, մետաղների եւ մի շարք այլ ապրանքների փոխարինումն է։ Այս գործընթացը պահանջելու է ռեսուրսների եւ քաղաքական կամքի լուրջ կենտրոնացում։ Առաջիկա մի քանի տարիների ընթացքում դա ազդելու է ԵՄ տնտեսական աճի եւ եվրոպական արդյունաբերության մրցունակության վրա։ Միեւնույն ժամանակ, ռուսական հումքի դուրս մղումը ցավոտ, սակայն իրագործելի խնդիր է։ Նավթի դեպքում այս գործընթացը կարող է ավելի արագ ընթանալ, գազի դեպքում՝ ավելի դանդաղ։ ԵՄ-ի ներսում կլինեն երկրների տարբերություններ, քանի որ կախվածությունը ռուսական հումքից միատարր չէ։

 

Անկախ նրանից, թե ինչպես կզարգանա ուկրաինական ճգնաժամը եւ ինչպիսին կլինի  Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը, վերջինիս ԵՄ առեւտրից դուրս մղելը երկարաժամկետ գործընթաց է լինելու։

 

ԵՄ տնտեսությունը հարուստ ժողովրդագրական ներարկում է ստանում

 

ԵՄ-ն այսօր կրում է նաեւ ուկրաինացի փախստականների ամենածանր բեռը։ Նրանց քանակի ճիշտ հաշվարկը դեռեւս դժվար է՝ հաշվի առնելով արագ փոփոխվող իրավիճակը, սակայն արդեն պարզ է, որ խոսքը գնում է միլիոնավոր մարդկանց մասին։ ԵՄ երկրների առջեւ ծառանում են միգրանտներին ընդունելու, ապահովելու, ադապտացնելու եւ, հնարավոր է, ինտեգրելու խնդիրները: ԵՄ շատ երկրներում սոցիալական ծախսերը կավելանան։

Լուսանկարը` Aris Messinis/AFP

Սակայն այստեղ եւս Եվրամիությունը միջնաժամկետ հեռանկարում շահած է դուրս գալու։ ԵՄ երկրները, հատկապես Գերմանիան, կուտակել են միգրանտների հետ աշխատելու հսկայական փորձ։ Ուկրաինացի միգրանտները մշակութային առումով մոտ են ԵՄ երկրների մեծամասնությանը՝ ի տարբերություն իսլամական երկրներից միգրացիայի նախորդ ալիքների: Նրանք ավելի կրթված են, ավելի քիչ են հակված փակ սփյուռք ձեւավորելու, ավելի արագ ադապտացվում են եւ ինտեգրվում։ ԵՄ տնտեսությունը հարուստ ժողովրդագրական ներարկում է ստանում։

 

ԵՄ-ն շահում է երկարաժամկետ հեռանկարում

 

ԵՄ-ն մնում է ՆԱՏՕ-ի կրտսեր գործընկերը, սակայն առանձին անդամ երկրների ռազմաքաղաքական դերը զգալիորեն կաճի։ Այստեղ կրկին պետք է նշել Գերմանիան, որը պաշտպանական ծախսերի ավելացման, բանակի արդիականացման, պաշտպանական արդյունաբերությունը զարգացնելու մեծ ներուժ ունի։ ԵՄ երկրների բարձր զարգացած ռազմարդյունաբերական համալիրը երկարաժամկետ շահույթ է ստանում։

Լուսանկարը` Aris Messinis/AFP

Կարելի է խոսել նաեւ այն մասին, որ հաղթում է եվրոպական նախագիծը։ Ի դեմս Ռուսաստանի, հիմա այն ստանում է ներքին կարգապահությունը ուժեղացնող, ինքնությունը սնուցող եւ արեւելաեվրոպական թեւը միավորող հզոր կոնսոլիդացնող գործոն:

 

Վաշինգտոնի հիմնական խնդիրները

 

ԱՄՆ-ն, առաջին հայացքից, զգալիորեն ավելի քիչ վնասներ է կրում, քան ԵՄ-ն, թեեւ ռուսական նավթից հրաժարվելը կարող է հանգեցնել տեղային դժվարությունների եւ վառելիքի գների բարձրացման: Վաշինգտոնի հիմնական խնդիրները այլ ոլորտներում են։ Ռուսաստանի հետ առճակատման կտրուկ սրացումը կրկին շեղում է ռեսուրսները Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից։ Միացյալ Նահանգները ստիպված կլինեն մեծացնել ռազմական ներկայությունը Եվրոպայում, ինչը նշանակում է, որ ՉԺՀ-ի զսպման վրա ռեսուրսների կենտրոնացումը կնվազի:

 

ԱՄՆ-ին անհանգստացնում է նաեւ ուկրաինական ճգնաժամը ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի վերածվելու հեռանկարը, որի վերջին սահմանը կարող է լինել միջուկային էսկալացիան։ Վաշինգտոնը պետք է զսպի Մոսկվային, բայց միեւնույն ժամանակ գործի որոշակի սահմաններում՝ զգուշանալով էսկալացիայիցայից: Ըստ ամենայնի, առանցքային առաջնահերթություն է հակամարտության ինտենսիվության վերահսկումը, այն «եռման կետին չհասցնելը»:

 

ԱՄՆ-ն, հավանաբար, հաղթում է

 

Մնացած ոլորտներում ԱՄՆ-ն հավանաբար հաղթում է։

 

Մոսկվայի հետ առճակատման նոր որակը հնարավորություն է տալիս էապես բարձրացնել ՆԱՏՕ-ի ներքին կարգապահությունը եւ հասնել ընդհանուր անվտանգության մեջ եվրոպական երկրների ավելի նշանակալի ներդրումների ապահովմանը։

Լուսանկարը` Aris Messinis/AFP

Նախկինում ո՛չ Դոնալդ Թրամփը, ո՛չ Բարաք Օբաման, ո՛չ Ջորջ Բուշ-կրտսերը չէին կարողանում լուծել այդ խնդիրը։ Այժմ այն լուծվում է առանց մեծ խոչընդոտների։ Ավելին, հնարավոր է ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնում։ Չեզոք Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը կազմակերպությանը կանխորոշված չէ, բայց երկու երկրներում էլ նման քայլի կողմնակիցների թիվը զգալիորեն աճել է։

 

Դեպի Եվրոպա ռեսուրսները շեղելու անհրաժեշտությունը, տեսականորեն, ԱՄՆ-ն նույնպես կարող է օգտագործել իր օգտին։ Վաշինգտոնը եւ նրա դաշնակիցները քարտ-բլանշ են ստացել Ռուսաստանի տնտեսական եւ տեխնոլոգիական ներուժին աննախադեպ հզոր հարված հասցնելու համար: Ռուսաստանը անկասկած մնալու է ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի համար ամենակարեւոր ռազմական մարտահրավերը։ Սակայն ռազմական ներուժի տնտեսական հիմքը, հավանաբար, հնարավոր կլինի փլուզել Ասիայում հետագա կենտրոնացման հեռանկարով:

 

Հաղթում է ԱՄՆ էներգետիկ ոլորտը։ Մոտ ապագայում այն կստանա եվրոպական շուկայի զգալի մասը։ Բացի այդ, այժմ ամերիկացիներին ավելի հարմար կլինի Ռուսաստանին դուրս մղել զենքի համաշխարհային շուկաներից։ Չինաստանը եւ Հնդկաստանը կմնան խոշոր գնորդներ։ Սակայն այլ շուկաների համար մրցակցությունն ավելի դժվար կլինի Մոսկվայի համար՝ ԱՄՆ-ի ավելի ուժեղ դիմադրության պատճառով:

 

ԱՄՆ-ում կուտակել է ներքին խնդիրների մի ամբողջություն։ Ռուսական գործոնը հերթական անգամ թույլ է տալիս գոնե մասամբ կոնսոլիդացնել Կոնգրեսն ու հասարակությունը։ Միեւնույն ժամանակ ճգնաժամի ազդեցությունը 2024 թվականի ընտրությունների վրա դեռեւս խիստ անորոշ է։

 

Չինաստանը լայն տարածք է ստանում մանեւրելու համար

 

Չինաստանը մանեւրելու լայն տարածք է ստանում։ Ի տարբերություն ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի՝ Չինաստանի ընթացիկ կորուստները նվազագույն կլինեն։ Վաշինգտոնի կողմից ռազմական եւ քաղաքական ճնշումը նվազում է: Հաշվի առնելով հակառուսական լայնածավալ պատժամիջոցները՝ Չինաստանը կարող է հավակնել ազատվող ռուսական շուկայի զգալի մասին։ Ռուսական էներգառեսուրսներն այժմ ավելի հասանելի կլինեն Չինաստանի համար, եւ դրանց գինը, անշուշտ, շատ ավելի ցածր կլինի, քան նախկինում էր։ Թեեւ չինական շուկա դրանք հասցնելու հարցում ոլորտում կարող են դժվարություններ լինել: ՉԺՀ-ն նաեւ դառնում է Ռուսաստանի կարեւորագույն ֆինանսական գործընկերը, եւ նման գործընկերությունը կլինի ասիմետրիկ՝ հօգուտ ՉԺՀ-ի: Պեկինն էլ ավելի է ամրապնդում կայունությունը իր հյուսիսային եւ հյուսիսարեւելյան սահմաններում:

 

Չինաստանի հետ Ռուսաստանի գործընկերությունը դառնում է այլընտրանք չունեցող:

Լուսանկարը` Aris Messinis/AFP

Չինաստանի համար բացվում են Կենտրոնական Ասիայում ազդեցության նոր հնարավորություններ։ Հաշվի առնելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փորձը, Չինաստանը զգալի աշխատանք կկատարի Արեւմուտքի հետ նմանատիպ բարդությունների առաջացման դեպքում սեփական տնտեսական անվտանգության բարելավման ուղղությամբ։ Միեւնույն ժամանակ, գործընթացները դեռեւս դժվար թե բերեն ռուս-չինական լիարժեք ռազմաքաղաքական դաշինքի առաջացմանը։

 

Չինաստանի ուժեղացումը խնդիր է Հնդկաստանի համար

 

Ներկա ճգնաժամից Հնդկաստանը նվազագույն չափով է տուժում։ Դելին երկխոսություն է պահպանում Մոսկվայի հետ եւ կդիմադրի երրորդ երկրների՝ ռազմատեխնիկական համագործակցության վրա ազդելու փորձերին։

 

Այնուամենայնիվ, զենք արտադրող արեւմտյան արտադրողների լոբբիստների դիրքերը երկրում կարող են ամրապնդվել։ Չինաստանի ուժեղացումը ճգնաժամի ֆոնին խնդիր է Հնդկաստանի համար։ Սակայն փոփոխությունները դժվար կարելի է հիմնարար անվանել։

 

Իրանը շանս ունի

 

Ջո Բայդենի վարչակազմը հնարավորություն ունի վերադարձնել Դոնալդ Թրամփի կողմից չեղարկված իրանական նավթի գնման բացառությունները Եվրոպայի եւ Ասիայի մի շարք երկրների համար։

 

ԱՄՆ-ի համար խնդիր կարող է լինել այն, որ Իրանը նույնպես շունչ կքաշի եւ կամրապնդի իր բանակցային դիրքերը։ Ապագայում դա ճնշում կառաջացնի հանրապետականների կողմից, որոնք դեմ են Թեհրանի հետ գործարքներին։ Բայց Ռուսաստանի դիմադրության ֆոնին այդ տարաձայնությունները կարող են հետին պլան մղվել: Ամեն դեպքում, Իրանը հնարավորություն ունի օգտվելու ստեղծված իրավիճակից։ Իրադարձությունների նման զարգացումը բացառում է պատժամիջոցների տակ գտնվող երկրների կոալիցիայի ստեղծումը, որը տեսականորեն կարող է ներառել Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը եւ Վենեսուելան։ Չինաստանը երեքի հետ էլ կհամագործակցի, բայց ոչ ի վնաս Արեւմուտքի հետ հարաբերությունների։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին