Եվրոպայի կոշտ արձագանքը բացատրող գործոնները - Mediamax.am

exclusive
2663 դիտում

Եվրոպայի կոշտ արձագանքը բացատրող գործոնները


Հունգարիայի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետներ Վիկտոր Օրբանն ու Բորիս Ջոնսոնը
Հունգարիայի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետներ Վիկտոր Օրբանն ու Բորիս Ջոնսոնը

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Օլաֆ Շոլցը
Օլաֆ Շոլցը

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Թուրինի Կառլո Ալբերտո Քոլեջիո համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Դիեգո Գամբետայի եւ Նյու Յորքի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Սթիվեն Հոլմսի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

 

Ինչո՞վ է բացատրվում Եվրոպայի դրամատիկ, ծախսատար եւ նույնիսկ հեղափոխական արձագանքն Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա:

 

Գերմանիայի վերազինման նորահայտ ցանկությունը, որը տասնամյակներ շարունակ միջազգային անհանգստություն էր առաջացնում, այժմ լայնորեն ողջունվում է:

Ավանդաբար չեզոք Ֆինլանդիան եւ Շվեդիան մտորում են ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին, եւ այդ դաշինքն այլեւս «աննպատակ» տեսք չունի։ Նույնիսկ Շվեյցարիան հրաժարվել է 500 տարվա չեզոքությունից՝ Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցներ կիրառելու համար: Ամենավախենալուն, թերեւս, Նիդեռլանդների եւ եվրոպական այլ տերությունների՝ Ուկրաինային զենք ուղարկելու ցանկության մասին հայտարարություններն էին: Դրանք արվել էին ի հեճուկս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոշտ սպառնալիքին, որ ցանկացած երկիր, որը միջամտում է իր «հատուկ ռազմական գործողությանը», սարսափելի գին կվճարի:

 

Պուտինի պատերազմի շուրջ եվրոպական վրդովմունքը եռում է ոչ միայն իշխանական կառույցներում։ Գերմանիայի հինգ քաղաքացիներից չորսը պաշտպանում են կանցլեր Օլաֆ Շոլցի որոշումը՝ օգնել ուկրաինացիներին զինվել։

Օլաֆ Շոլցը Օլաֆ Շոլցը

Լուսանկարը` REUTERS

Եվրոպական քաղաքացիական հասարակության համերաշխության ներկայիս աճը հերքեց Պուտինի կողմնակիցների հռետորաբանությունը, որոնք ամեն կերպ փորձում էին ապացուցել, որ փափկակյաց անառակությունն անբուժելիորեն խարխլել է Եվրոպայի մարտական ոգին: Այն երկրները, որոնք հաճախ դիտվում են որպես այլատյացության օջախներ, ինչպիսիք են Լեհաստանը եւ Հունգարիան, գրկաբաց ընդունում են ուկրաինացի փախստականներին: Ուկրաինայի դրոշն ու դրա գույներն այժմ տեսանելի են ամբողջ մայրցամաքում՝ կայքերից մինչեւ ներկված ընտանի կենդանիներ եւ ֆուտբոլային մարզադաշտեր:

 

Եվրոպան վերջին տաս օրում ավելի շատ միասնություն եւ վճռականություն ցուցաբերեց, քան վերջին տաս տարիների ընթացքում։ Բայց ինչու՞։

 

Ժողովրդավարական երկրները, ինչպես պնդում էր Ալեքսիս դե Տոկվիլը մոտ երկու դար առաջ, հակված են դանդաղ արձագանքելու ագրեսիային: Սակայն, երբ դրանք ենթարկվում են սադրանքի, ձեռք են բերում ռազմական այնպիսի մոբիլիզացիոն կարողություն, որին ավտոկրատիաները կարող են միայն նախանձել: Տարիներ շարունակ եվրոպական մայրաքաղաքներն անվճռական էին արձագանքում քողարկված կիբեռհարձակումների, կեղծ լուրերի, սպանությունների, ընտրական մանիպուլյացիաների, ծայրահեղական կուսակցությունների եւ պոպուլիստ թեկնածուներին ֆինանսավորելու Պուտինի քայլերին: 2007 թվականից ի վեր Ռուսաստանը մեծ ջանքեր էր գործադրում Եվրոպան ապակայունացնելու ուղղությամբ: Եվրոպական կառավարությունները գռմռում էին, սակայն չէին կծում: Անգամ Ղրիմի անեքսիան եւ Արեւելյան Ուկրաինայում անջատողական շարժման կազմակերպումը դժկամ համաձայնության հանդիպեցին:

Լուսանկարը` REUTERS

Հնարավոր է՝ աշխարհը չէր սպասում Եվրոպայի կոշտ արձագանքին ներխուժմանն այն կարծրատիպի պատճառով, որ խաղաղասեր եվրոպական հասարակությունը երբեք չի համարձակվի կտրուկ շրջադարձ կատարել եւ հրաժարվել Պուտինի կողմից պարկեշտության կանոնների եւ քաղաքակիրթ միջազգային վարքագծի նորմերի նախկին խախտման հանդեպ իր փափուկ արձագանքից: Սակայն նա հենց դա էլ արեց։

 

Բայց ամեն ինչ սկսվեց COVID-19-ից:

 

Նախ՝ եվրոպացիներն արդեն սովոր են ճգնաժամային կառավարմանը, ահռելի պետական ծախսերին՝ արտակարգ իրավիճակներին եւ միջազգային սահմանների փակմանն ի պատասխան: Հասարակական անվտանգության ապահովման երկու տարվա ծայրահեղ միջոցառումները հանրությանը նախապատրաստեցին հենց այն արմատական, մեկ գիշերվա մեջ իրականացված փոփոխություններին, որոնք կառավարությունները գործարկեցին ի պատասխան Ռուսաստանի ագրեսիայի:

 

Ավելին, եվրոպական հանրությունը տենչում էր վերադառնալ բնականոն կյանքին: Քանի որ COVID-19-ի ճգնաժամը, կարծես թե, անցյալում էր, եվրոպացիները հույս ունեին նորից աշխատել, սովորել եւ զվարճանալ, ինչպես դա անում էին 2020 թվականի սկզբին: Սակայն պատերազմ սկսելու Պուտինի որոշումը կործանեց այդ հույսերը՝ բոլորիս հետ շպրտելով դեպի արտակարգ դրություն: Ի տարբերություն համաճարակի, մեր կյանքում այս վերջին շոկն առաջացավ ոչ թե բնական իրադարձությամբ, այլ դաժան մարդու կողմից կանխամտածված ծրագրի պատճառով:

Լուսանկարը` REUTERS

Ուստի, թեեւ Ռուսաստանի ագրեսիվ հարձակումը մանրակրկիտ ծրագրված էր, այն չափազանց ժամանակավրեպ ստացվեց։ Աճող ակնկալիքների կանխամտածված խափանումը, ինչպես կանխատեսել էր Տոկվիլը, ժողովրդավարական երկրների քաղաքացիներին վրդովեցնելու եւ նրանց պայքարի մղելու հստակ բաղադրատոմս է։

 

Այս երկու գործոնները՝ ամրապնդված զոհերի հանդեպ կարեկցանքով, ձեւավորեցին հանրային տրամադրություն եւ նույնիսկ հասարակական ճնշում, որը, գոնե ժամանակավորապես, ազատեց եվրոպական կառավարություններին ռուսական ագրեսիային անզիջում արձագանքելու իրենց որոշման նկատմամբ պացիֆիստական արձագանքի վախից: Հասարակության աջակցությունը նրանց արագ եւ աննախադեպ համառությամբ գործելու ազատություն տվեց:

Լուսանկարը` REUTERS

Սակայն համաճարակի հետ կապված դինամիկան ինքնին չի կարող բացատրել, թե ինչու եվրոպացի առաջնորդներն այդքան համարձակ եւ վճռական արձագանքեցին Կրեմլի իրական սպառնալիքներին: Պատճառը պետք է որ այն լինի, որ նրանք խորապես ցնցված են եւ վախենում են, թե ինչ կարող է անել Ռուսաստանը, եթե գրավի Ուկրաինան։

 

Քաղաքական աջակցությունը կորցնելու կառավարությունների ողջամիտ վախն այն պարագայում, եթե Պուտինը սկսի նյարդայնացնել եվրոպական հանրությանը միջուկային պատերազմի շանտաժով, կարող է բացատրել Ուկրաինային զենք մատակարարելու նրանց պատրաստակամությունը՝ չնայած Ռուսաստանի նախազգուշացումներին: Պուտինին հրահրելու ռիսկն այժմ ավելի նախընտրելի է, քան հետագայում Ռուսաստանի Դաշնության հետ առճակատվելը նրանից հետո, եթե  նրան հաջողվի կոտրել Ուկրաինայի պաշտպանների կամքը:

 

Copyright: Project Syndicate, 2022.

www.project-syndicate.org

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին