Էրդողան. «Այս պատերազմում հաղթող չի լինելու» - Mediamax.am

1227 դիտում

Էրդողան. «Այս պատերազմում հաղթող չի լինելու»


Լուսանկարը` tmgrup.com


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր նորից քննադատել է միջազգային կառույցներին, որոնք «անկարող են հակազդել ճգնաժամերին ու պատերազմներին»։

Ինչպես հայտնում է Անադոլու գործակալությունը՝ ելույթ ունենալով իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում՝ Էրդողանն ասել է, որ միջազգային կառույցները, որոնց առաքելությունն է պաշտպանել համաշխարհային անվտանգությունն ու կայունությունը, «անտարբեր են մնում ամբողջ ժողովուրդների ողբերգությունների նկատմամբ»։

 

«Նրանք, ովքեր աղմուկ են բարձրացնում, հենց որ խոսքը գնում է իրենց շահերի մասին, անտեսում են ողբերգական իրադարձությունները, որոնք արդեն 11 տարի տեղի են ունենում մի տարածաշրջանում, որտեղ գտնվում է Թուրքիան»,- ասել է Էրդողանը՝ ի նկատի ունենալով Սիրիան:

 

Նա նշել է, որ ուկրաինական իրադարձությունները դարձել են «երկակի ստանդարտների» քաղաքականության հերթական դրսեւորումը։

 

«Թուրքիան մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ ճգնաժամը ողբերգության չվերածվի։ Միաժամանակ, պետությունների ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու Անկարայի ուղենիշը մնում է անփոփոխ։ Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայում մարտերը դադարեցնելու ուղղությամբ։ Մենք անհամբեր սպասում ենք Ուկրաինայում երկարաժամկետ հրադադարի։ Անկարան հավասարակշռված քաղաքականություն է վարում՝ բաց պահելով երկխոսության ուղիները Մոսկվայի եւ Կիեւի հետ»,- ասել է Էրդողանը։

 

«Այսօր ռազմական գործողությունների 14-րդ օրն է։ Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, խղճի պակասի ցուցանիշ է։ Չնայած Ուկրաինայում տիրող դրամային, արեւմտյան երկրներն իրական քայլեր չեն ձեռնարկում։ Նրանք միայն խորհուրդներ են տալիս։ Ուկրաինան մնացել է առանց աջակցության»,- ասել է Էրդողանը։

 

«Միեւնույն ժամանակ, մենք դատապարտում ենք այն, ինչ կատարվում է մի շարք երկրներում, որտեղ հարձակումներ են տեղի ունենում ռուսաստանցի ուսանողների եւ մշակույթի գործիչների վրա, քննադատվում է ռուսական մշակույթը։ Մենք դա չենք ընդունում։ Սա ֆաշիզմի դրսեւորում է, որը ոչ մի օգուտ չի բերում ուկրաինացի ժողովրդի օրինական պայքարին, այլ միայն ստվեր է գցում դրա վրա»,- շարունակել է Թուրքիայի նախագահը։

 

Նա ընդգծել է, որ «այս պատերազմում հաղթող չի լինելու»։ «Ուկրաինան ու Ռուսաստանը պետք է լուծեն հարցը դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ «չափազանց կարեւոր» անվանելով Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որը նախատեսված է մարտի 10-ին Անթալիայում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին