Պուտինի հրահրած պատերազմը բերեց աշխարհաքաղաքական Եվրոպայի ծննդի - Mediamax.am

exclusive
3238 դիտում

Պուտինի հրահրած պատերազմը բերեց աշխարհաքաղաքական Եվրոպայի ծննդի


Ժոզեպ Բորելը
Ժոզեպ Բորելը

Լուսանկարը` REUTERS

Ժոզեպ Բորելը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը
Ժոզեպ Բորելը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը

Լուսանկարը` REUTERS

Ժոզեպ Բորելը
Ժոզեպ Բորելը

Լուսանկարը` REUTERS

Ժոզեպ Բորելը
Ժոզեպ Բորելը

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար։

 

Ժոզեպ Բորել

 

Կան շաբաթներ, որ տասնամյակներ են թվում, եւ այս շաբաթը դրանցից մեկն է: Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի բացահայտ ակտով Եվրոպայում կրկին բռնկվեց պատերազմի ողբերգությունը։ Ռուսական զորքերը գնդակոծեցին տներ, դպրոցներ, հիվանդանոցներ եւ քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ: Կրեմլի քարոզչամեքենան եռում է՝ փորձելով արդարացնել այն, ինչ արդարացում չունի։ Ավելի քան մեկ միլիոն մարդ արդեն փախչել է բռնությունից, եւ դա դեռ վերջը չէ:

 

Մինչդեռ ուկրաինացիները հերոսաբար պաշտպանում են իրենց երկիրը՝ ոգեշնչված նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջնորդությամբ։ Աճող ճնշմանը եւ իրենց ազգային ինքնությունը ժխտելու Կրեմլի անհեթեթ պնդումներին բախվելով՝ ուկրաինացիները ցուցաբերում են միասնություն եւ տոկունություն: Անցյալի մեջ  խրված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գուցե ինքն իրեն համոզել է, որ Ուկրաինան իրեն է պատկանում «մեծ Ռուսաստանի» իր տեսլականով։ Սակայն ուկրաինացիները ցույց տվեցին, որ իրենց երկիրն իրենցն է եւ որ նրանք ցանկանում են եվրոպական ապագա:

 

Եվրամիությունը սկսել է գործել։ Չնայած ոմանք սպասում էին, որ կվարանենք եւ կհապաղենք, մենք ռեկորդային արագությամբ շարժվեցինք՝ աջակցելու Ուկրաինային՝ ճանապարհին կոտրելով տաբուները: Մենք աննախադեպ պատժամիջոցներ ենք կիրառել Կրեմլի հետ կապված օլիգարխների եւ պատերազմի պատասխանատուների նկատմամբ։ Միջոցները, որոնք ընդամենը մի քանի օր առաջ անհնարին էին թվում, օրինակ՝ SWIFT համակարգից Ռուսաստանի առաջատար բանկերի անջատումը եւ ՌԴ Կենտրոնական բանկի ակտիվների սառեցումը, արդեն գործի են դրվել։ Պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ն աջակցում է անդամ երկրներին, որոնք Ուկրաինային ռազմական տեխնիկա են մատակարարում՝ մոբիլիզացնելով 500 միլիոն եվրո։

Ժոզեպ Բորելը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ժոզեպ Բորելը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը

Լուսանկարը` REUTERS

Այս ամենը մենք արել ենք այլ երկրների հետ միասին, որպեսզի հասնենք առավելագույն արդյունքի։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Շվեյցարիան, Ճապոնիան, Սինգապուրը եւ բազմաթիվ այլ երկրներ միացել են մեզ կոշտ պատժամիջոցներ սահմանելու հարցում: Ռուսաստանի դեմ միջազգային զայրույթը տարածվում է նույնիսկ սպորտի եւ արվեստի վրա: Մեծ թվով ընկերություններ հեռանում են ռուսական շուկայից։

 

Այնուամենայնիվ, լուրերն Ուկրաինայից սարսափելի են եւ սթափեցնող, եւ ոչ ոք չգիտի, թե ինչպես կավարտվի այս պատերազմը: Պուտինը կփորձի արդարացնել իր սանձազերծած արյունահեղությունը՝ այն ներկայացնելով որպես Արեւմուտքի եւ մնացածների միջեւ առասպելական բախման անխուսափելի հետեւանք. սակայն նա գրեթե ոչ մեկին չի համոզի։ Երկրների եւ մարդկանց ճնշող մեծամասնությունը հրաժարվում է ընդունել մի աշխարհ, որտեղ ավտոկրատ առաջնորդը կարող է ռազմական ագրեսիայի միջոցով պարզապես տիրանալ այն ամենին, ինչ ցանկանում է:

 

Մարտի 2-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամների ճնշող մեծամասնությունը՝ 141 երկիր, քվեարկեցին Ուկրաինայի ինքնիշխան իրավունքների օգտին՝ դատապարտելով Ռուսաստանի գործողությունները՝ որպես ՄԱԿ-ի Կանոնադրության եւ միջազգային իրավունքի ակնհայտ խախտում։ Ռուսաստանի օգտին քվեարկել էր միայն չորս երկիր (մնացած 35-ը ձեռնպահ էին մնացել):

Ժոզեպ Բորելը Ժոզեպ Բորելը

Լուսանկարը` REUTERS

Համաշխարհային կոնսենսուսի այս պատմական դրսեւորումը ցույց է տալիս, թե ինչպես են ռուսաստանցի առաջնորդները մեկուսացրել իրենց երկիրը: ԵՄ-ն քրտնաջան աշխատել է ՄԱԿ-ում այս արդյունքին հասնելու համար, եւ մենք համակարծիք ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որ այժմ խնդիրը բռնությունը դադարեցնելն ու դիվանագիտության համար դռներ բացելն է:

 

Ռուսական ներխուժմանը հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում մենք ականատես դարձանք նաեւ աշխարհաքաղաքական Եվրոպայի ուշացած ծննդին։ Տարիներ շարունակ եվրոպացիները վիճում են այն մասին, թե ինչպես ԵՄ-ն դարձնել ավելի ուժեղ եւ անվտանգության մասին հոգ տանող, համաշխարհային հարթակում մեր քաղաքական նպատակներին հասնելու համար ընդհանուր նպատակներ եւ կարողություններ ունեցող: Հնարավոր է՝ վերջին շաբաթվա ընթացքում մենք այս ճանապարհով ավելի առաջ շարժվեցինք, քան նախորդ տասնամյակում:

 

Դա երկար սպասված իրադարձություն է, սակայն դեռ շատ անելիք կա։ Նախ՝ մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ հեռանկարում աջակցել Ուկրաինային եւ նրա ժողովրդին։ Ոչ ոք ապահով չի լինի, եթե թույլ տանք Պուտինին հաղթել։ Եթե այլեւս որեւէ կանոններ չլինեն, բոլորս վտանգի տակ կհայտնվենք։ Ուստի մենք պետք է այնպես անենք, որ ազատ Ուկրաինան գոյատեւի։ Եվ այդ նպատակով մենք պետք է պահպանենք Ռուսաստանի՝ բանականությանը վերադառնալու հնարավորությունը, որպեսզի հնարավոր լինի վերականգնել խաղաղությունը։

Ժոզեպ Բորելը Ժոզեպ Բորելը

Լուսանկարը` REUTERS

Երկրորդը՝ մենք պետք է գիտակցենք, թե ինչ է նշանակում այս պատերազմն եվրոպական անվտանգության եւ կայունության համար ավելի լայն առումով: Ավտորիտար եւ ագրեսիվ ուժերից էներգակիրների ներմուծումից մեր կախվածության նվազեցումը հրատապ ռազմավարական հրամայական է։ Աբսուրդ է, որ մենք բառացիորեն ֆինանսավորել ենք մեր հակառակորդի՝ պատերազմ վարելու կարողությունը։ Ուկրաինա ներխուժումը պետք է նոր խթան հաղորդի կանաչ էներգիային մեր անցմանը։ Յուրաքանչյուր եվրո, որը մենք ներդրում ենք վերականգնվող էներգիայի զարգացման համար, կնվազեցնի մեր ռազմավարական խոցելիությունը եւ կօգնի կանխել կլիմայի աղետալի փոփոխությունները:

 

Երրորդը՝ ուժային քաղաքականության աշխարհում մենք պետք է զարգացնենք ինքնապաշտպանվելու ներուժը: Մեր պաշտպանությունն ուժեղացնելը նշանակում է պայքարել Ռուսաստանի ագրեսիվ ապատեղեկատվական ցանցերի դեմ եւ հետապնդել Կրեմլի ֆինանսական էկոհամակարգը եւ ազդեցության առեւտուրը:

 

«Աշխարհաքաղաքական Եվրոպայի» հիմնական խնդիրը պարզ է։ Մենք պետք է օգտագործենք նպատակի վերականգնված զգացողությունը՝ նախ ապահովելու ազատ Ուկրաինան, ապա՝ վերականգնելու խաղաղությունն ու անվտանգությունը մեր մայրցամաքում:

 

Copyright: Project Syndicate, 2022.

www.project-syndicate.org

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին