Փաշինյան. Ուկրաինայում ծավալվող գործողությունները գլոբալ հետեւանքներ կունենան - Mediamax.am

2553 դիտում

Փաշինյան. Ուկրաինայում ծավալվող գործողությունները գլոբալ հետեւանքներ կունենան


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Ուկրաինայում ծավալվող գործողությունները ունենալու են գլոբալ հետեւանքներ»:

Այդ մասին նա ասել է մարտի 2-ին՝ ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության եւ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառման իր ելույթում:

 

«Այս միջոցառման ժամանակ չեմ կարող չխոսել Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների մասին: Մենք սրտի կսկիծով ենք հետեւում ծավալվող գործողություններին, որոնք հիմա արդեն ակնհայտ է, որ ունենալու են գլոբալ հետեւանքներ: Մեր հույսն է, որ նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան եւ արդյունք կունենան եւ դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը նշել է Եվրամիության դերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու հարցում:

 

«Պիտի աշխատենք հարաբերություններում ի հայտ եկած դինամիկան ավելի զարգացնել: Եվրամիության, աշխարհի բազմաթիվ երկրներ, ինչպես օրինակ՝ Կանադան, Ճապոնիան ավելի ու ավելի տեսանելի պատրաստակամություն են ցուցաբերում աջակցել մեր ժողովրդավարությանը եւ մենք պետք է կարողանանք իրացնել այս պոտենցիալը: Մենք հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ ենք նախանշում աշխարհի ամենամեծ ժողովրդավարության՝ Հնդկաստանի հետ եւ պիտի ջանք գործադրենք, որ սպասումներն արդարանան», - ասել է Փաշինյանը:

 

Նա նշել է, որ «Ռուսաստանը շարունակում է մնալ մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը, որի հետ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, բնականոն զարգացում են ապրում, ինչն ամրապնդվում է ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում եւ ԱՊՀ-ում մեր համատեղ մասնակցությամբ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին