«Նախկինի պես» այլեւս չի լինի - Mediamax.am

2530 դիտում

«Նախկինի պես» այլեւս չի լինի


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի (ԱՊՔԽ) նախագահ Ֆյոդոր Լուկյանովի հոդվածը, որը հրապարակվել էր փետրվարի 25-ին «Պրոֆիլ» ամսագրի կայքում:

 

Ռուսաստանի հասարակությունը պետք է գիտակցի. «ինչպես նախկինում» այլեւս չի լինելու:

 

Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունը սահման է գծում՝ փակելով մի ամբողջ դարաշրջան։ Այն սկսվել էր խորհրդային բլոկի փլուզմամբ եւ ԽՍՀՄ-ի անկմամբ, երբ բավականին կայուն երկբեւեռ աշխարհակարգը փոխարինվեց նրանով, ինչը հետագայում կոչվեց լիբերալ աշխարհակարգ: Դրա էությունը Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների գերիշխանությունն էր միջազգային քաղաքականության մեջ՝ ունիվերսալիստական գաղափարախոսության հիման վրա։

 

Ճգնաժամն ի հայտ էր եկել վաղուց։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ դիմադրություն դրսեւորվեց խոշոր խաղացողների կողմից, ովքեր գոհ չէին իրենց դիրքից: Բավական երկար ժամանակ (առնվազն մեկուկես տասնամյակ) առանձնապես հակազդեցություն չկար։ Ոչ արեւմտյան երկրները, ներառյալ Չինաստանը եւ Ռուսաստանը, ջանքեր էին գործադրում հիերարխիայի մեջ տեղավորվելու համար: Չինաստանին, սկզբունքորեն, հաջողվեց ոչ միայն դա անել, այլեւ առավելագույնս օգտագործել իրավիճակը սեփական հզորացման համար։ Ռուսաստանի մոտ դա շատ ավելի վատ ստացվեց, բայց նա էլ ոչ անմիջապես  սկսեց պայքարել աշխարհակարգի վերանայման համար: Երկար ժամանակ խնդիր էր դրված այս աշխարհակարգում իրեն արժանի տեղ գտնել:

Լուսանկարը` REUTERS

Սակայն պարզվեց, որ համակարգը ճկուն չէ: Նա հայեցակարգային առումով բացառում էր ուժերի բալանսը, ինչն ինքնին համակարգը երերուն էր դարձնում: Իսկ ավելի կարեւոր է, որ այն թույլ չէր տալիս մշակութային եւ քաղաքական բազմազանության բավարար աստիճան, որն անհրաժեշտ է աշխարհի կայուն գործունեության համար: Փորձեցին տարբեր միջոցներով՝ նաև ռազմական, միատարրություն պարտադրել, ինչի արդյունքում շրջանակը փակվեց։

 

Ռուսաստանյան գործողությունը հայելային պատկերն է այն բանի, ինչը Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները մեկ անգամ չէ, որ վերջին տասնամյակների ընթացքում արել էին աշխարհի տարբեր մասերում: Ըստ լեգենդի՝ Պոլտավայի ճակատամարտից հետո Պետրոս Առաջինը կենաց էր բարձրացրել իր «շվեդ ուսուցիչների» համար։ Հիմա էլ ՌԴ ղեկավարությունը կարող է հայտնել, որ շատ բան են սովորել Արեւմուտքից։ Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններում հեշտությամբ կարելի է հայտնաբերել տարրեր, որոնք առկա էին Հարավսլավիայի, Իրաքի, Լիբիայի դեմ Ամերիկայի եւ ՆԱՏՕ-ի արշավներում։

 

Լարվածությունը վաղուց էր կուտակվում։ Ուկրաինան դարձավ վճռորոշ ճակատային գիծ: Սա գաղափարական պայքար չէ 20-րդ դարի երկրորդ կեսի Սառը պատերազմի մոդելով։ Փորձ է արվում մարտահրավեր նետել հեգեմոնիային՝ հօգուտ շատ ավելի բաշխված համաշխարհային մոդելի: Հին տերմիններով դրանք ազդեցության ոլորտներ են, այժմ աշխարհը շատ ավելի թափանցիկ է ու փոխկապակցված, ուստի մեկուսացումը հնարավոր է միայն որոշ չափով։ Համենայնդեպս, մենք այդպես էինք մտածում մինչ այժմ։

Լուսանկարը` REUTERS

Անմիջական առիթ հանդիսացավ մարտը ռազմավարական նշանակություն ունեցող տարածքի համար, ինչպես հաճախ է պատահել անցյալում: «Պատմության վերադարձի» մասին պնդումները, ընդհանուր առմամբ, արտացոլում են իրականությունը։ Բախվեցին ազդեցության երկու տեսակներ: Մի կողմից, դասական կոշտ ուժը, որն առաջնորդվում է պարզ, չհղկված, բայց հասկանալի կատեգորիաներով։ Առաջին հերթին՝ արյան ու հողի։ Մյուս կողմից՝ շահերի ու ազդեցության տարածման առաջադեմ միջոցը։ Դրանում ուժն իրացվում է որպես գաղափարական, հաղորդակցական եւ տնտեսական գործիքների հավաքածու։ Իսկ օգտագործվող կատեգորիաները տպավորիչ են, բայց հոսուն, դրանք կոչվում են «արժեքներ»։

 

Սառը պատերազմից հետո գրեթե միշտ հաղթում էին ավելի ժամանակակից միջոցները, որոնց կարող ենք բնութագրել մոդայիկ, թեեւ ոչ ճշգրիտ «հիբրիդային» բառով։ Սակայն, մեծ հաշվով, դրանք երբեք լուրջ դիմադրության չեն հանդիպել, հատկապես՝ ճակատային զինված ճանապարհով։ Ուկրաինա-2022-ը վճռորոշ քննությունն է՝ որ մոտեցումը կհաղթի: Այդ իմաստով ճիշտ են նրանք, ովքեր կարծում են, որ հետեւանքները կարող են շատ ավելի ծավալուն լինել:

Լուսանկարը` REUTERS

Ռուսաստանի ղեկավարությունը, որոշելով դիմել ծայրահեղ կտրուկ քայլերի, հավանաբար, գիտակցում էր հետեւանքները։ Կամ նույնիսկ գիտակցաբար ձգտում էր դրանց: Արեւմուտքի հետ համագործակցության էջը շրջված է: Դա չի նշանակում, որ այն փոխարինվելու է մեկուսացմամբ, բայց նշանակում է կարեւոր ուղղության փակում։ Սառը պատերազմն եկել է երկար ժամանակով: Որոշ ժամանակ անց ռազմական գործողության առաջացրած իրարանցումը, հավանաբար, կսկսի մարել եւ որոշակի փոխգործակցությունը կվերսկսվի: Բայց գիծը գծված է. պատժամիջոցների վերացումը, նույնիսկ բարենպաստ սցենարով, երկար տարիներ կպահանջի, կապերի վերականգնումը ընթանալու է դանդաղ ու ընտրովի։ Տնտեսական առաջնահերթությունների վերակազմավորումը կպահանջի զարգացման այլ սխեմա։ Ռուսաստանյան հասարակությունը, նրա ամենաակտիվ մասը, պետք է գիտակցի, որ նախկին ապրելակերպն այլեւս հասանելի չէ։ «Ռուսաստան ամրոցը» անձնուրաց որոշել է ինքն իր դիմացկունությունը փորձարկել՝ միաժամանակ դառնալով ամբողջ աշխարհի արմատական փոփոխության գործակալ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին