Ալիեւը խոսել է ՌԴ-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ձեւաչափի մասին - Mediamax.am

1623 դիտում

Ալիեւը խոսել է ՌԴ-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ձեւաչափի մասին


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա համագործակցության եռակողմ ձեւաչափը «կարող է ձեւավորվել մոտ ապագայում»:

Այդ մասին Ալիեւը հայտարարել է ՏԱՍՍ-ի գլխավոր խմբագիրների ակումբում ռուսական լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը։

 

«Գաղտնիք չէ, որ արդեն ձեւավորվում է համագործակցության դե ֆակտո եռակողմ ձեւաչափ։ Այն դեռ չի պաշտոնականացվել, դեռ չեն եղել ԱԳ նախարարների հանդիպումներ, էլ չեմ ասում՝ նախագահների, բայց այն ձեւավորվում է ընդհանուր շահերի եւ պրագմատիզմի հիման վրա»,- ասել է նա։

 

Իլհամ Ալիեւը նշել է «կառավարման համակարգերի եւ արժեքների ընդհանուր հատկանիշները, որոնց հավատարիմ են երեք երկրները»։

 

Այդ համատեքստում նա նշել է Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների վստահելի հարաբերությունները։

 

«Երկուսն էլ հրապարակավ խոսում են այդ մասին։ Կարծում եմ, հեռու չէ այն օրը, երբ մենք կպաշտոնականացնենք այս հարաբերությունները։ Քանի որ Ադրբեջանը Ռուսաստանի եւ Թուրքիայի դաշնակիցն է, կարծես, հաջորդ քայլի կարիք է առաջանում»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

 

Փետրվարի 22-ին ստորագրված Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը Իլհամ Ալիեւը «պատմական ձեռքբերում» է անվանել։

 

«Որովհետեւ Ադրբեջանը դաշնակցային հարաբերություններ ունի երկու մեծ երկրների, երկու հարեւանների հետ։ Չեմ կարծում, որ որեւէ այլ երկիր կարող է պարծենալ դրանով: Չեմ խոսում այն մասին, որ այդ երկրներից մեկը ՆԱՏՕ-ի անդամ է, մյուսը՝ ՀԱՊԿ-ի ղեկավարը։ Սա իսկապես ձեռքբերում է»,- ասել է Ալիեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին