Ըստ Ալիեւի, հայկական ազգանուն կրողները «կարող են ազատորեն գալ Ադրբեջան» - Mediamax.am

2661 դիտում

Ըստ Ալիեւի, հայկական ազգանուն կրողները «կարող են ազատորեն գալ Ադրբեջան»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ հայկական ազգանունով տարբեր պետությունների քաղաքացիները «կարող են ազատորեն գալ Ադրբեջան»։

Այդ մասին Ալիեւը հայտարարել է ՏԱՍՍ-ի գլխավոր խմբագիրների ակումբում ռուսական լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը։

 

Պատասխանելով RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դիտարկմանը, թե հայկական ազգանուններով քաղաքացիների մուտքն Ադրբեջան արգելված է, Ալիեւն ասել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, եւ հանրապետությունում «էթնիկական հիմքով մուտքի արգելք չկա»։

 

«Բազմաթիվ այցելությունները վկայում են այդ մասին։ Հայաստանի հավաքականը մասնակցում էր սպորտային միջոցառումներին, ինչպիսիք են Եվրոպական խաղերը։ Նույնիսկ հիշում եմ, որ անձամբ արծաթե մեդալ հանձնեցի Ուկրաինայի մեկ ներկայացուցչի, ով ազգությամբ հայ էր»,- ասել է Ալիեւը։

 

Նա հիշեցրել է նաեւ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել էր Բաքու։

 

«Նա այցելեր էր Բաքվի հայկական եկեղեցին եւ զարմացել էր, որ այս եկեղեցում մենք ավելի քան 5 հազար հայերեն գիրք ենք պահում, ինքն էլ դրա վկան է։ Ես կարող եմ բազմաթիվ նման օրինակներ բերել՝ պատգամավորներ, հասարակական գործիչներ, հայկական արմատներով այլ երկրների քաղաքացիներ»,- նշել է Ալիեւը։

 

«Մենք պատասխանատու ենք մեր քաղաքացիների եւ մեր հյուրերի անվտանգության համար, հետեւաբար մեր խնդրանքն էր, որ այն դեպքում, երբ Հայաստանի քաղաքացիները կամ հայկական ազգանունով անձինք գալիս են Ադրբեջան, տեղեկացնեն համապատասխան մարմիններին, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին։ Եղել էին դեպքեր, երբ մուտքն արգելվել էր, սակայն պատճառը հենց այն էր, որ այդ կարգը չէր պահպանվել»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին