«Լիահույս ենք, որ Թուրքիան կվերանայի փակ սահմանների քաղաքականությունը» - Mediamax.am

1389 դիտում

«Լիահույս ենք, որ Թուրքիան կվերանայի փակ սահմանների քաղաքականությունը»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն այսօր ասել է, որ «Հայոց ցեղասպանության չճանաչումը եւ ցեղասպանության ժխտումը բերում են նոր ցեղասպանությունների եւ պատերազմների»:

Այսօր ելույթ ունենալով Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստում, նա հիշեցրել է, որ 2021թ. մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության արդյունքներով հաստատվել էր նաեւ Թուրքիայի վերաբերյալ բանաձեւ-զեկույցը, որում Եվրոպական միությունը վերահաստատել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը:

 

«Թուրքիային նաեւ կոչ է արվում զերծ մնալ ցանկացած տեսակի հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից եւ լիարժեքորեն հարգել հայկական մշակույթը պաշտպանելու հանձնառությունը: Զեկույցում մի քանի անդրադարձ է արվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի ունեցած բացասական դերին: Հաշվետու զեկույցներում ԵՄ կողմը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը: Ցավոք սրտի, Հայոց ցեղասպանության չճանաչումը եւ ցեղասպանության ժխտումը բերում են նոր ցեղասպանությունների եւ պատերազմների», - ասել է Հակոբ Արշակյանը:

 

Նա շեշտել է, որ «Հայաստանը մեծապես կարեւորում է հարեւան պետությունների հետ բնականոն հարաբերություններ ունենալը»:

 

«Մենք կողմնակից ենք եւ ձգտում ենք տարածաշրջանում բաց սահմաններով եւ գործընկերության վրա խարսխված հարաբերություններ հաստատելուն` մշտապես պատրաստ լինելով առողջ ու իրատեսական երկխոսության», - ասել է Արշակյանը:

 

Նա տեղեկացրել է, որ այսօր Վիեննայում տեղի կունենա Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների երկրորդ հանդիպումը: «Լիահույս ենք, որ Թուրքիան կվերանայի 1993 թվականից ի վեր անկախ Հայաստանի նկատմամբ վարվող փակ սահմանների քաղաքականությունը», - ասել է Հակոբ Արշակյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին