Էրդողանը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել - Mediamax.am

1083 դիտում

Էրդողանը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել


Լուսանկարը` duvarenglish.com


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված անվտանգության հարցերով արտակարգ խորհրդակցություն է հրավիրել։

Նախօրեին կայացել էր Էրդողանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 

«Վլադիմիր Պուտինն ընդգծել է Դոնբասում ուկրաինական իշխանությունների ագրեսիայի եւ Մինսկի պայմանավորվածությունները կատարելուց նրանց կտրականապես հրաժարվելու պայմաններում ընդունված որոշման օբյեկտիվ անհրաժեշտությունը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է իր հայտնի տեսակետներն այս հարցում։ Անդրադարձ է կատարվել նաեւ Ռուսաստանի Դաշնության անվտանգության երկարաժամկետ իրավական երաշխիքների մշակման թեմային։ Այս համատեքստում Վլադիմիր Պուտինն իր հիասթափությունն է հայտնել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի արձագանքից, որը հավասարազոր էր ՌԴ օրինական մտահոգությունների եւ պահանջների անտեսմանը», - ասված էր Կրեմլի հաղորդագրության մեջ:

 

Փետրվարի 22-ին Էրդողանն ասել էր, որ Թուրքիան անհրաժեշտ է համարում «հավելյալ նախազգուշական միջոցներ» ձեռնարկել Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու Ռուսաստանի որոշումից հետո։

 

«Մենք սեւծովյան երկիր ենք, այս առումով պետք է նախազգուշական շատ միջոցներ ձեռնարկենք։ Մենք արդեն ձեռնարկում ենք այդ միջոցառումները, բայց եւ կշարունակենք աշխատել այս ուղղությամբ։ Մենք չենք կարող անտեսել սեւծովյան երկրի պարտավորությունները, այս ըմբռնմամբ կշարունակենք մեր ճանապարհը», - ասել էր Թուրքիայի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին