Զախարովա. Պետք է հնարավորինս արագ կյանքի կոչել «բոլորին՝ բոլորի դիմաց» բանաձեւը - Mediamax.am

1838 դիտում

Զախարովա. Պետք է հնարավորինս արագ կյանքի կոչել «բոլորին՝ բոլորի դիմաց» բանաձեւը


Մարիա Զախարովան
Մարիա Զախարովան

Լուսանկարը` TASS


Երեւան: Մեդիամաքս: Մոսկվայի կարծիքով, կարեւոր է հնարավորինս արագ ավարտել գերիների փոխանակումը «բոլորին՝ բոլորի դիմաց» բանաձեւի համաձայն եւ «վերջապես վերացնել այս գրգռիչը հայ-ադրբեջանական հարաբերություններում»։

Այս մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ողջունելով փետրվարի 7-ին հայկական կողմին ութ զինծառայողների վերադարձը։

 

«Կարեւոր ենք համարում միաժամանակ ջանքեր գործադրել՝ պարզելու հակամարտության ընթացքում անհայտ կորածների ճակատագիրը։ Մենք դրան կնպաստենք ինչպես մեր ազգային կարգավիճակում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Մենք մեր կողմից արել ենք, անում ենք եւ շարունակելու ենք անել այն ամենը, ինչ մեզանից կախված է: Մեզ համար այս թեման առաջնահերթություն է»,- ասել է Զախարովան։

 

Նա նաեւ նշել է, որ «մշակութային եւ պատմական ժառանգության պահպանման թեման պարբերաբար քննարկվում է պաշտոնական Բաքվի եւ Երեւանի հետ մեր շփումներում»։

 

«Մենք կողմ ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը տարածաշրջան հնարավորինս շուտ գործուղելուն։ Աշխատում ենք նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով»,- ասել է Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ կոչ է արվում Հայաստանին եւ Ադրբեջանին շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու իրական առաջընթացի հումանիտար, այդ թվում՝ պատմամշակութային վայրերի պահպանության հարցերում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին