ՀՀ ԱԳՆ․ Հրատապ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջամտությունը վանդալիզմը կանխելու հարցում - Mediamax.am

2212 դիտում

ՀՀ ԱԳՆ․ Հրատապ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջամտությունը վանդալիզմը կանխելու հարցում


Վահան Հունանյանը
Վահան Հունանյանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն այսօր ասել է, որ հայկական կողմը դատապարտում է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական եւ պատմամշակութային կոթողներն ավերելու եւ ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին հայտարարությունը:

Վահան Հունանյանը նաեւ նշել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ հաջորդած ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության նկատմամբ վանդալիզմի եւ ոչնչացման դեպքերը կրում են միտումնավոր ու ծրագրված բնույթ, եւ Լեռնային Ղարաբաղն իր բնիկ հայ բնակչությունից զրկելու քաղաքականության մաս են կազմում:

 

«Հարեւան ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը միտումնավոր ու ապօրինի յուրացնելու եւ նրան պատմական հիշողությունից զրկելու նպատակով պետական մակարդակով նման կառույցի ստեղծումն աննախադեպ է անգամ հակամարտությունների պատմության համար:

 

Ադրբեջանի կառավարության այս քայլը բացահայտ մարտահրավեր է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, որը հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների եւ այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների եւ արտեֆակտերի դեմ»:

 

Ստեղծված իրավիճակում առավել հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը եւ տեղում անխոչընդոտ ներգրավվածությունը՝ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող Արցախի հայկական հուշարձանները պահպանելու եւ վանդալիզմի դեպքերը կանխելու նպատակով։

 

Հայկական պատմամշակութային ժառանգության եւ կրոնական սրբավայրերի ոչնչացման եւ ինքնության խեղաթյուրման այս քաղաքականությունը հակասում է հաշտության հասնելու Ադրբեջանի հայտարարություններին եւ լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատման համար»,- նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին