Մակրոնը եւ Պուտինը կարեւորել են Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը - Mediamax.am

1033 դիտում

Մակրոնը եւ Պուտինը կարեւորել են Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը


Լուսանկարը` japantimes.com


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը։

«Ուզում եմ ուրախություն հայտնել, որ այսօր առավոտյան ազատ են արձակվել ութ բանտարկյալներ։ Ֆրանսիայի ճգնաժամային կենտրոնը նրանց տեղափոխելու համար ինքնաթիռ է տրամադրել։ Անցյալ ուրբաթ մենք նախագահ Ալիեւի ու վարչապետ Փաշինյանի հետ տեսակոնֆերանսի միջոցով հանդիպում ունեցանք, որի ժամանակ շոշափվեցին անհայտ կորածների, փախստականների եւ մի շարք այլ հարցեր, որոնք եւս կայունության տարրեր են հանդիսանում»,- ասել է Մակրոնը՝ Պուտինի հետ փետրվարի 7-ին կայացած բանակցությունների արդյունքներով Կրեմլում մամուլի ասուլիսի ժամանակ։

 

«Ես կցանկանայի ողջունել ձեր զինվորականների դերը սահմանին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համար  դժվարին ժամանակաշրջանում», - ասել է Մակրոնը՝ դիմելով Պուտինին։

 

Ռուսաստանի նախագահն իր հերթին ասել է.

 

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկելիս մենք նշել ենք ռուս խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի պահպանումը եւ օգնում խաղաղ կյանքի հաստատմանը։ Մենք վերահաստատեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարեւորությունը, այդ թվում՝ տարածաշրջանում հրատապ հումանիտար եւ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում։ Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Միշելի հետ Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ վերջերս կայացած տեսակոնֆերանսի արդյունքների մասին»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին