Ալիեւը հասավ իր նպատակին. ԵՄ-ն Ադրբեջանին կտրամադրի 2 մլրդ եվրո - Mediamax.am

2200 դիտում

Ալիեւը հասավ իր նպատակին. ԵՄ-ն Ադրբեջանին կտրամադրի 2 մլրդ եվրո


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Եվրամիությունը Ադրբեջանին կտրամադրի 2 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթ, հայտնել է ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին։

Փետրվարի 4-ին Բաքվում կայացած Վարհելիի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է.

 

«Վարհելին նշել է, որ Ադրբեջանը ԵՄ-ի հուսալի գործընկերն է։ Նրա խոսքով, տնտեսական ներդրումային ծրագրի շրջանակներում ԵՄ-ն 2 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական փաթեթ կհատկացնի Ադրբեջանին եւ ներկայում քննարկվում են կոնկրետ նախագծեր»։

 

Մեդիամաքսը նշում է, որ 2021թ. դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «անարդար» էր անվանել Եվրամիության կողմից Բաքվին եւ Երեւանին ֆինանսական օգնության բաշխումը։

 

«Եվրահանձնաժողովի կողմից Հայաստանին տրամադրվելիք փաթեթի ծավալը կազմում է $ 2,6 միլիարդ, իսկ Ադրբեջանին՝ $ 140 միլիոն, այսինքն՝ տարբերությունը գրեթե 20 անգամ է։ Դա արդա՞ր է: Ոչ։ Արդյո՞ք դա բավարարում է երկու երկրների իրական կարիքները: Ոչ։ Եթե նույնիսկ մի կողմ թողնենք ազատագրված տարածքներում Հայաստանի հասցրած սարսափելի ավերածությունները, հաշվի առնելով երկու երկրների բնակչությունը՝ կարելի է տեսնել, որ տարբերությունն ավելի քան հինգ անգամ է»,- ասել էր Ալիեւը իտալական Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում։

 

«Հայաստանի տնտեսությունը ֆիզիկապես չի կարողանա մարսել այս հսկա փաթեթը։ Այնպես որ, սա շատ զարմանալի է, եւ այդ փաթեթի մասին հայտարարելուց հետո ամռանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի Ադրբեջան այցից հետո մենք անընդհատ քննարկում ենք այդ թեման։ Մենք ցանկանում ենք, որ մոտեցումը հիմնված լինի միասնական չափանիշների վրա։ Մենք ցանկանում ենք արդարություն եւ, իհարկե, ցանկանում ենք, որ Ադրբեջանին միջոցներ տրամադրվեն նույն պայմաններով եւ նույն ծավալով»,- նշել էր Ալիեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին