Ավտոճանապարհների բացման մասին ՀՀ առաջարկներին Բաքուն չի արձագանքել - Mediamax.am

2583 դիտում

Ավտոճանապարհների բացման մասին ՀՀ առաջարկներին Բաքուն չի արձագանքել


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Պաշտոնական Երեւանը կարծում է, որ «դժվար է պատկերացնել սահմանազատման աշխատանքների իրականացում այն սահմանին, որտեղ ամեն օր տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ»:

Այդ մասին Արմենպրեսին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմն իբր նախապայմաններ է առաջ քաշում սահմանների սահմանազատման հարցում:

 

«Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահը եւ Ադրբեջանի նախագահը 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրել են հայտարարություն, որից բխում է, որ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի գործունեությանը պետք է նախորդի հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը եւ դրանց իրագործումը: Սա տրամաբանական է նաեւ այն պատճառով, որ դժվար է պատկերացնել սահմանազատման աշխատանքների իրականացում այն սահմանին, որտեղ ամեն օր տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ:

 

Հայաստանի Հանրապետությունը, իրապես շահագրգռված լինելով պայմանավորվածությունների լիարժեք իրագործմամբ, դրանց իրականացման իր պատկերացումներն է ձեւակերպել: Ադրբեջանական կողմը որեւէ բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել է դրանք՝ փոխարենը չառաջարկելով երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները կյանքի կոչելու տարբերակներ», - ասել է Վահան Հունանյանը:

 

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաեւ նշել էր, թե Հայաստանը «վիժեցրել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը»:

 

Արձագանքելով այս պնդմանը, Հայաստանի ԱԳՆ խոսնակն ասել է.

 

«Եթե նկատի է առնվում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Եռակողմ աշխատանքային խումբը, զավեշտալի զուգադիպությամբ նույն օրն առավոտյան տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգման գործնական քայլերի փուլում է, եւ աշխատանքային խմբի հայաստանյան համանախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 2-ին Երեւանում այս թեմայով առարկայական քննարկում է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի եւ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ:

 

Վարչապետ Փաշինյանը, գնահատելով իրադրությունը հայտարարեց, որ Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի առաջին արդյունքների արձանագրումը շատ մոտ է թվում: Այս համատեքստում Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները առնվազն տարօրինակ են, եւ հույս ունենք՝ երկաթուղու վերագործարկման հարցում Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններից Ադրբեջանի հրաժարում չեն նշանակում: Նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը ձեռքբերված պայմանավորվածություններին, որի մասին ՀՀ վարչապետը մի քանի անգամ հրապարակային հայտարարել է:

 

Նշենք նաեւ, որ ավտոճանապարհների բացման մասին նույնպես Հայաստանը առաջարկություններ է արել ադրբեջանական կողմին: Այդ առաջարկություններին մինչեւ օրս որեւէ պատասխան ադրբեջանական կողմից չի հնչել: Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել այդ առաջարկների իրագործումը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին