Թուրքիան հայտարարել է, որ «չի ճանաչում Ղրիմի անեքսիան» - Mediamax.am

1911 դիտում

Թուրքիան հայտարարել է, որ «չի ճանաչում Ղրիմի անեքսիան»


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի ԱԳՆ-ն հերթական անգամ հայտարարել է, որ «չի ճանաչում Ղրիմի անօրինական անեքսիան»։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Անկարայի եւ Կիեւի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ այսօր տարածած հայտարարության մեջ։

 

«Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը եւ հանդես է գալիս Դոնբասի խաղաղ կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքին համապատասխան»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր այցով կժամանի Կիեւ։

 

Մեդիամաքսը նշում է, որ 2021 թվականի օգոստոսին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ «Ռուսաստանը չի ընդունում Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը»:

 

Այդպես նա մեկնաբանել էր Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի մասնակցությունը «Ղրիմի պլատֆորմին» եւ վերջինիս խոսքերը Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու հարցում ֆորումի դերի մասին:

 

«Մենք չենք ընդունում մեր թուրք գործընկերների այս դիրքորոշումը, մենք այն բացարձակապես սխալ ենք համարում եւ պատրաստ ենք մեր թուրք գործընկերներին, ինչպես նաեւ այլ երկրներին լրացուցիչ բացատրել Ռուսաստանի այս տարածաշրջանի իրական վիճակը», - ասել է Պեսկովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին