Զախարովան մեկնաբանել է Քըլըչի եւ Ռուբինյանի սպասվող հանդիպումը - Mediamax.am

1764 դիտում

Զախարովան մեկնաբանել է Քըլըչի եւ Ռուբինյանի սպասվող հանդիպումը


Լուսանկարը` rbk.ru


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանը չի մասնակցում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների երկխոսությանը։

Այս մասին Զախարովան ասել է՝ մեկնաբանելով հունվարի 14-ին Մոսկվայում կայանալիք Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։

 

«Սա երկխոսություն է երկու երկրների միջև։ Մենք այդ ձևաչափի մաս չենք կազմում։ Բազմիցս արտահայտել ենք մեր սկզբունքային դիրքորոշումը՝ աջակցելու երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, երկխոսության կառուցմանը և շփումների կարգավորմանը։ Դրան աջակցել ենք գործնականում»,- ասել է Մարիա Զախարովան։

 

2021թ. նոյեմբերի 25-ին Մարիա Զախարովան ասել էր, որ Հայաստանը Ռուսաստանից խնդրել է միջնորդել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։

 

«Կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Երեւանի եւ Անկարայի միջեւ միջնորդության համար: Ռուսաստանը շահագրգռված է եւ ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, եւ մեր երկիրը պատրաստ է ամեն կերպ շարունակել դա»,- ասել էր Զախարովան։

 

2021թ. սեպտեմբերի 21-ին էլ Զախարովան հիշեցրել էր, որ Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավմանը եւ ակտիվորեն մասնակցել է այդ գործընթացին:

 

«Մենք նպաստեցինք 2009 թվականին Ցյուրիխում արձանագրությունների ստորագրմանը, որոնք նախատեսում էին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների աստիճանական բարելավում ՝ առանց նախապայմանների: Ռուսաստանը կատարեց ոչ միայն միջնորդի, այլեւ գործուն դեր, որը հանգեցրեց այդ հանդիպման դրական արդյունքներին: Ցավոք, այն նախաձեռնությունները կողմերը չիրականացրեցին: Սակայն դա արդեն յուրաքանչյուր պետության կամքն էր», - նշել էր նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին