Քըլըչի եւ Ռուբինյանի առաջին հանդիպմամբ «կտրվի գործընթացի մեկնարկը» - Mediamax.am

2432 դիտում

Քըլըչի եւ Ռուբինյանի առաջին հանդիպմամբ «կտրվի գործընթացի մեկնարկը»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն այսօր ասել է, որ հունվարի 14-ին Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի եւ Ռուբեն Ռուբինյանի՝ Մոսկվայում կայանալիք առաջին հանդիպումը «կրելու է ճանաչողական բնույթ»։

Արմենպրեսի հարցերին ի պատասխան խոսնակն ասել է, որ հանդիպումը Մոսկվայում տեղի է ունենալու ռուսական կողմի հյուրընկալությամբ։

 

«Դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը:

 

Հայաստանի ակնկալիքներն այդ երկխոսությունից, ըստ էության, նույնն են, ինչ եղել են 1990-ականների սկզբներից ի վեր։ Մենք ակնկալում ենք, որ գործընթացի արդյունքում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն եւ երկու երկրների միջեւ սահմանը, որը Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին, կբացվի»,- նշել է նա։

 

Վահան Հունանյանը նաեւ ասել է, որ Հայաստանը մշտապես պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որեւէ նախապայմանի:

 

«Այս առումով եւս պետք է փաստեմ, որ Հայաստանի մոտեցումը որեւէ փոփոխություն չի կրել՝ նույն դիրքորոշումն արտացոլված է նաեւ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում: Ինչպես արդեն նախկինում նշել ենք, միջազգային գործընկերների հետ շփումներում մենք պարբերաբար ընդգծել ենք «առանց նախապայմանների» սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը: Մեր տպավորությամբ՝ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը»,- ասել է ԱԳՆ խոսնակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին