Փաշինյան․ ՀԱՊԿ գոտում լարվածության տեսանելի նվազում չի նկատվում - Mediamax.am

2331 դիտում

Փաշինյան․ ՀԱՊԿ գոտում լարվածության տեսանելի նվազում չի նկատվում


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության տեսանելի նվազում չի նկատվում, եւ մենք շարունակում ենք բախվել նոր տեսակի սպառնալիքների»։

Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ, որի օրակարգում ընդգրկված է եղել «Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի եւ դրա կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին» հարցը:

 

«Ղազախստանում տիրող իրավիճակը մեզ մոտ առանձնահատուկ անհանգստություն եւ մտահոգություն է առաջացնում՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներգրավվածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման առնչությամբ։ Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվել ենք մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների ի հայտ գալուն։ Հուսով ենք, որ ՀԱՊԿ-ի շրջանակում բարեկամ Ղազախստանին օգնելուն ուղղված ջանքերը կօգնեն հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնել երկրի բնականոն կյանքը»,- ասել է նա։

 

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առանցքային առաջնահերթություններից է Կազմակերպության՝ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդումը։

 

«Մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրները համատեղ ջանքեր կգործադրեն այդ մեխանիզմների հետագա կատարելագործման համար, ինչը, անկասկած, կծառայի ինչպես անդամ պետությունների միջեւ փոխգործակցության հետագա զարգացմանը, այնպես էլ Կազմակերպության համապատասխան կառույցների ու մեխանիզմների ամրապնդմանը»,- նշել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին