«Արեւելյան գործընկերության». ինքնության ճգնաժամ եւ նոր իմաստների փնտրտուք - Mediamax.am

2872 դիտում

«Արեւելյան գործընկերության». ինքնության ճգնաժամ եւ նոր իմաստների փնտրտուք


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի նախօրեին Ռուսաստանի միջազգային գործերի խորհուրդը հրապարակել է «Արեւելյան գործընկերությունը հետքովիդյան դարաշրջանում. ծրագրի զարգացման հետագա հեռանկարները» հոդվածը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ հոդվածից։

 

Ինքնության ճգնաժամ

 

Ի սկզբանե Լեհաստանի եւ Շվեդիայի նախաձեռնած «Արեւելյան գործընկերության» (ԱլԳ) ծրագիրը հետապնդում էր նախկին ԽՍՀՄ երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ԵՄ-ի հետ տնտեսական մերձեցման եւ քաղաքական ասոցացման արագացման նպատակը: Սակայն 2009 թվականի մարտին միավորման հիմնադրումից հետո իրավիճակը տարածաշրջանում զգալիորեն փոխվել է եւ 12 տարվա գոյությունից հետո ԱլԳ-ն ինքնության ճգնաժամ է ապրում:

 

Մի իրավիճակում, երբ ծրագրի գործընկերներից մեկը դադարեցրել է իր մասնակցությունը (Բելառուս), «Ասոցացված եռյակ» կազմող պետությունները (Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) ակտիվորեն «վերմակը քաշում են իրենց վրա» եւ ցանկանում են ստանալ ավելի շատ բոնուսներ, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ պահանջների փոխանակման փուլում են, ԱլԳ գագաթնաժողովի անցկացումը շատ բարդ խնդիր է թվում։

 

Նոր իմաստների որոնում

 

Հաղորդակցությունը եւ նոր իմաստների ու շփման կետերի որոնումը կենսական նշանակություն ունեն ծրագրի շարունակության համար հետքովիդյան դարաշրջանում: «Եռյակի» պարագայում Բրյուսելը կփորձի խաղալ իր կանոններով՝ օգտագործելով Ասոցացման համաձայնագրերի դրույթներին համապատասխան բարեփոխումների իրականացման արդյունավետության տարբեր չափանիշներ եւ չի շտապի ԵՄ-ին ապագա անդամակցության խոստումներ տալ։ Սակայն կարող է ընդլայնվել համագործակցությունը առեւտրի եւ անվտանգության հարցերում:

Լուսանկարը` REUTERS

Հարավկովկասյան տարածաշրջանում կշարունակվի Երեւանի եւ Բաքվի հետ կապերի ամրապնդման գործընթացը։ Եվրոպացի պաշտոնյաների հանդեպ լոյալ Թբիլիսին կարող է գլխավոր միջնորդ դառնալ Բրյուսելի եւ Անդրկովկասյան հանրապետությունների մերձեցման գործընթացում։ ԵՄ-ն կշարունակի փորձել իր տեղը գտնել հետպատերազմյան կարգավորման գործընթացում՝ ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն տրամադրելով սահմանամերձ շրջանների վերականգնմանը։ Բրյուսելից նաեւ հնչում են առաջարկներ՝ հակամարտող կողմերին փոխանցելու սահմանազատման եւ սահմանագծման եվրոպական փորձը։

 

Ի՞նչ է փոխվել Արեւելյան գործընկերության ներսում

 

Միավորումն այլեւս այն չէ, ինչ նախկինում, թեկուզ միայն այն պատճառով, որ Մինսկը պաշտոնապես հայտարարեց իր մասնակցության կասեցման մասին, իսկ ծրագրի շրջանակներում աշխատանքներին գործընկերների ներգրավվածության մակարդակը շատ տարբեր է։

 

Մի կողմից, մի խումբ երկրներ փորձում են էլ ավելի մերձենալ ԵՄ-ի հետ՝ ապագայում անդամակցություն ձեռք բերելու համար։ Իրենց ջանքերն այս ուղղությամբ միավորելու համար նրանք ստեղծում են յուրահատուկ «նախասիրությունների խմբակներ»։ Նման «խմբակի» վառ օրինակ է վերջերս ստեղծված «Ասոցացված եռյակը» («Եռյակ») միավորումը, որը ներառում է Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան։

Լուսանկարը` REUTERS

Ադրբեջանը դեռ նախընտրում է սպասողական դիրքորոշում որդեգրել։ Ի տարբերություն «Եռյակի» երկրների եւ Հայաստանի, Բաքուն դեռեւս չի կնքել ԵՄ-ի հետ նոր համապարփակ շրջանակային համաձայնագիր, որը կփոխարինի 1999 թվականի Գործընկերության եւ համագործակցության հին համաձայնագիրը: Դրա շուրջ բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի տարի: Ձգձգվող բանակցային գործընթացը բացատրվում է Բաքվի համար քննարկվող հարցերի զգայունությամբ. ադրբեջանական արտադրանքի, առաջին հերթին գյուղատնտեսական ապրանքների համար դեպի եվրոպական շուկա մուտքի բացում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ, եւ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հակամարտության կարգավորման գործընթացի բնույթը։

 

Բրյուսելը փնտրում է իր տեղը

 

2020 թվականի իրադարձությունները որոշակի ճշգրտումներ մտցրեցին ԵՄ-ի եւ Ադրբեջանի հարաբերություններում։ Անկարայի եւ Մոսկվայի հետ Բաքվի աճող շփումների ֆոնին Բրյուսելը ստիպված է իր տեղը փնտրել տարածաշրջանում։

 

Ընդհանուր առմամբ, ԵՄ-ի դերը վերջին մեկուկես տարվա ընթացքում փոքր-ինչ նվազել է։ Դրա պատճառը 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին ռազմական հակամարտության «թեժ» փուլում Բրյուսելի պահվածքն էր, այդ թվում՝ ԱլԳ երկու գործընկերներին բանակցությունների սեղանի շուրջ բերելու անկարողությունը։

 

ԵՄ-ն, ըստ երեւույթին, կփորձի գտնել իր տեղը տարածաշրջանում, մասնավորապես, հակամարտության կողմերի համատեղ մասնակցությամբ սոցիալ-տնտեսական նախագծերի իրականացման միջոցով՝ փորձելով զրկել Ռուսաստանը կողմերի միջեւ գլխավոր միջնորդի դերակատարությունից: Բացի այդ, ծրագրի ապագան մեծապես կախված կլինի երկու երկրների՝ ԱլԳ շրջանակներում գոյակցելու կարողությունից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին