Ալիեւը «Պանդորայի փաստաթղթերը» կապել է Ադրբեջանի հաղթանակի հետ - Mediamax.am

2463 դիտում

Ալիեւը «Պանդորայի փաստաթղթերը» կապել է Ադրբեջանի հաղթանակի հետ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Պանդորայի փաստաթղթերի» հրապարակումը կապել է արցախյան երկրորդ պատերազմում իր երկրի տարած հաղթանակի հետ:

Հոկտեմբերի սկզբին հրապարակված «Պանդորայի փաստաթղթերում» ասվում էր, որ Ադրբեջանի նախագահի ընտանիքը վերջին տարիներին Մեծ Բրիտանիայում մոտ 400 միլիոն ֆունտ ստերլինգի անշարժ գույք է վաճառել:

 

«Ես նախագահ եմ 18 տարի: Նախկինում ես հաջողակ ձեռնարկատեր էի: Երբ ես ընտրվեցի նախագահ, աղքատ մարդ չէի: Նախագահ դառնալուց հետո ես դադարեցի ուղղակիորեն զբաղվել բիզնեսով եւ փոխանցեցի այն իմ ընտանիքին: Հավանաբար, կհասկանաք, որ, ի տարբերություն Արեւմուտքի այլ մարդկանց, ովքեր իրենց ամբողջ ժառանգությունը թողել են կատուներին եւ շներին, Իտալիայում եւ Ադրբեջանում մենք հարգում ենք ընտանեկան արժեքները: Հետեւաբար, իմ ամբողջ ունեցվածքը հանձնեցի երեխաներիս: Նրանք շարունակում են բիզնեսը»,- ասել է Ալիեւը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում, որը վկայակոչում են ադրբեջանական լրատվամիջոցները:

 

Նրա խոսքով՝ իր երեխաները ներդրումներ են կատարում հիմնականում Ադրբեջանում:

 

«Նրանք ներդրումներ ունեն նաեւ Ադրբեջանից դուրս: Նրանց բիզնես գործունեությունն ամբողջովին թափանցիկ է եւ միջազգային աուդիտ է անցնում, եւ ոչ ոք չի կարող ասել, որ այստեղ ինչ-որ բան այն չէ»,- ասել է Ալիեւը:

 

Նա հայտարարել է, որ «այս հրապարակումը եւ դրա շուրջ բարձրացված աղմուկը զրպարտության հերթական արշավն է Ադրբեջանի դեմ»:

 

«Իհարկե, ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթանակը շատերի համար անակնկալ էր: Նրանց դա դուր չեկավ: Նրանք ցանկանում են Ադրբեջանը տեսնել որպես թույլ, կախյալ, օկուպացված երկիր, որը միշտ օգնություն է խնդրել հակամարտության լուծման համար: Բայց հիմա, երբ Ադրբեջանը հաղթեց Հայաստանին, Արեւմուտքի այն շրջանակները, որոնք սերտորեն կապված են վերջինիս հետ, կրկին ակտիվացել են: Մենք գիտեինք, որ Ադրբեջանի դեմ նոր զրպարտչական արշավ է նախատեսվում եւ սպասում էինք դրան»,- ասել է Ալիեւը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին