ԱԳՆ. Բայդենի հայտարարությունը երկխոսության ճանապարհ կհարթի - Mediamax.am

1702 դիտում

ԱԳՆ. Բայդենի հայտարարությունը երկխոսության ճանապարհ կհարթի


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հույս է հայտնել, որ «ԱՄՆ նախագահի հայտարարությունը [ցեղասպանության ճանաչման մասին] ճանապարհ կհարթի երկխոսության եւ, ի վերջո, հարաբերությունների կարգավորման համար, կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը եւ կայունությանը»:

«Կարծում եմ, որ սա հիմք է ստեղծում Թուրքիայի հասարակության համար՝ առերեսվելու պատմության էջերին։ Այն նաեւ դրդում է հասարակությանը հարցեր բարձրաձայնել իրենց պատմության ողբերգական էջերի մասին: Կարծում եմ՝ դա նաեւ հող կստեղծի երկու հարեւան երկրների միջեւ երկխոսության համար: Երկու հարեւան երկրների միջեւ ստեղծվել էր անջրպետ, եւ կարծում եմ, որ դա շատ կարեւոր քայլ կլինի մեր հարաբերությունների կարգավորման համար»,- ասել է Արա Այվազյանը «BBC Weekend»-ին տված հարցազրույցում:

 

ՀՀ ԱԳ նախարարը նաեւ ասել է, որ ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր հայ ժողովուրդը պայքարում է հանուն պատմական արդարության, իր պատմական հայրենիքում անվտանգ եւ արժանապատիվ կյանքի համար:

 

«Թուրքիան Հայաստանի նկատմամբ վարում է թշնամական եւ ագրեսիվ քաղաքականություն` անկախության վերականգնումից ի վեր՝ սկսած 1991 թվականից: Թուրքիան մերժեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, փակեց սահմանը եւ Հայաստանի դեմ վարեց հետզհետե աճող թշնամական քաղաքականություն։ Ավելին` Թուրքիան ուղղակիորեն ներգրավվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայում՝ մեր տարածաշրջան ուղարկելով հազարավոր օտարերկրյա զինյալ ահաբեկիչների»,- ասել է Արա Այվազյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին