Ադրբեջանը ԵԽ հանձնակատարին մեղադրել է «ռեւանշիզմը խրախուսելու» մեջ - Mediamax.am

3248 դիտում

Ադրբեջանը ԵԽ հանձնակատարին մեղադրել է «ռեւանշիզմը խրախուսելու» մեջ


Ֆահրադին Իսմայիլովը
Ֆահրադին Իսմայիլովը

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանը պատասխանել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի` ապրիլի 20-ին Իլհամ Ալիեւին ուղարկված նամակին:

Եվրախորհրդում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ֆահրադին Իսմայիլովի կողմից ստորագրած 5 էջանոց պատասխանը հրապարակվել է Եվրոպայի խորհրդի կայքում:

 

Նամակում, մասնավորապես, ասվում է, որ Հանձնակատարի «ափսոսանքը» Բաքվում «Ռազմավարների զբոսայգու» բացման կապակցությամբ անհիմն է»:

 

«Ռազմավարների զբոսայգին» խորհրդանշում է միջազգային իրավունքի եւ արդարության հաղթանակը տասնամյակների ագրեսիայի եւ էթնիկական զտումների քաղաքականության նկատմամբ: Այգին, ինչպես աշխարհի այլ վայրերի իր նմանօրինակները,  ծառայում է որպես վառ հիշեցում, որ ռասիզմը, խտրականությունն ու անհանդուրժողականությունը հաջողության հասնելու շանս չունեն: Դա ներկա եւ ապագա սերունդներին ագրեսիայի եւ անհանդուրժողականության քաղաքականության վտանգների մասին պատմելու տեղ է: «Անմարդկային տեսարաններ» կամ «անհանգստացնող ու նվաստացնող պատկերներ» պետք է փնտրել Եվրախորհրդի տարածքում, որտեղ ժողովուրդները փառաբանում են իրենց գաղութային անցյալը եւ ցուցադրում գաղութացված ժողովուրդների դեմ սարսափելի հանցագործությունների ապացույցները», - գրում է Ֆահրադին Իսմայիլովը:

 

«Նամակը կասկածի տակ է դնում Հանձնակատարի անկախությունն ու անկողմնակալությունը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ նրա գրասենյակի եւ Ադրբեջանի հարաբերությունների վրա: Ավելին, այն փաստը, որ նամակը շատ հեռու է անկողմնակալ վերաբերմունքից, ակնհայտորեն հակասում է «խաղաղության եւ հաշտեցման խթանման» հայտարարված վեհ նպատակին: Ընդհակառակը, այն ոգեշնչում է ռեւանշիստական շրջանակներին: Ադրբեջանը Հանձնակատարին կոչ է անում մնալ անաչառ, ինչպես սահմանված է իր մանդատով, եւ զերծ մնալ գործողություններից եւ հայտարարություններից, որոնք բացասաբար են ազդում Եվրոպայի խորհրդի հեղինակության վրա», - ամփոփում է ադրբեջանցի դիվանագետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին