Ալիեւը մեղադրել է Ռուսաստանին - Mediamax.am

2354 դիտում

Ալիեւը մեղադրել է Ռուսաստանին


Լուսանկարը` REUTERS


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր ադրբեջանցի գործընկերներին հայտնել է այն մասին, որ ռուսաստանյան կողմը ղարաբաղյան պատերազմի ընթացում «Իսկանդեր-Մ» հրթիռների գործարկում չի արձանագրել։

Ապրիլի 20–ին AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում Ալիեւն ասել է, որ այս պատասխանը չի պարզաբանում, թե ինչպե՞ս են «Իսկանդեր-Մ» հրթիռները հայտնվել Հայաստանի ձեռքում։

 

«Մեր նամակի հիմնական հարցն այն էր, թե ինչպե՞ս են արգելված եւ մահաբեր «Իսկանդեր-Մ» հրթիռները հայտնվել Հայաստանի ձեռքում։ Վերջ ի վերջո, դա անհնար է։ Դա կարելի է անել երկու տարբերակով․ կամ մաքսանենգությամբ, կամ՝ միջազգային նորմերի եւ կանոնների խախտմամբ։ Որովհետեւ հայկական կողմը կարող է ունենալ միայն «Իսկանդեր-Է», այսինքն՝ արտահանման համար նախատեսված տարբերակը։ Մենք սպասոմ ենք այդ պատասխանին, սպասում է Ադրբեջանի ժողովուրդը։ Մենք մեզ համար շատ հարցեր պարզել ենք։ Մենք գիտենք, թե ե՞րբ եւ ինչու՞ են արձակվել այդ հրթիռները։ Սակայն մենք պետք է պաշտոնական պատասխան ստանանք Հայաստանից եւ Ռուսաստանից, ովքեր մեր ուղղությամբ արձակել են այդ հրթիռները», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

 

Ալիեւը հույս է հայտնել, որ «այդ հարցը կպարզաբանվի, քանի որ այս տհաճ իրավիճակը ափսոսանք եւ զարմանք է առաջացնում Ադրբեջանի ժողովրդի եւ ղեկավարության մոտ»։

 

«Ռուսաստանը եւ Ադրբեջանը ռազմավարական կապեր ունեն։ Ռուսաստանյան խաղաղապահ ուժերը տեղակայվել են մեր երկրում՝ Ղարաբաղում, Խանքենդիում եւ հարակից շրջաններում Ադրբեջանի համաձայնությամբ։ Մենք հավատում էինք, որ այդ նոր ձեւաչափը կամրապնդի մեր կապերը։ Իրականում, դրանք պետք է ամրանան։ Սակայն «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերումը Շուշիում եւ այն, որ մենք դեռ սպառիչ պատասխան չենք ստացել տվյալ հարցին, անկասկած, ափսոսանք եւ զարմանք է առաջացնում Ադրբեջանի ժողովրդի եւ ղեկավարության մոտ։ Հույս ունենք, որ այդ հարցը կստանա իր պատասխանը։ Ռազմավարական գործընկերների միջեւ հարաբերությունները պետք է անկեղծ լինեն։ Ադրբեջանը միշտ անկեղծ է եղել իր ռազմավարական գործընկերների հետ, միշտ պահել է իր խոսքը», - նշել է Իլհամ Ալիեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին