ՀՀ ԱԳՆ. Ալիեւը շարունակում է հակասական հայտարարություններ անել - Mediamax.am

978 դիտում

ՀՀ ԱԳՆ. Ալիեւը շարունակում է հակասական հայտարարություններ անել


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր ասել է, որ «Ադրբեջանի նախագահը շարունակում է հանդես գալ հակասական, իրարամերժ հայտարարություններով»:

Այդ մասին նա ասել է՝ Արմենպրեսի համար մեկնաբանելով Իլհամ Ալիեւի խոսքերն այն մասին, որ Հայաստանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագիր, սակայն դեռ հայկական կողմից որեւէ արձագանք չի եղել:

 

Աննա Նաղդալյանը նախ նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների

հանդիպում նախատեսված չէ:

 

«Ավելին, Ադրբեջանի ղեկավարության հայատյաց դիրքորոշումը եւ վարքագիծը, մեղմ ասած, հիմք չեն տալիս՝ Ադրբեջանի իշխանություններից կառուցողականություն ակնկալելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակում լուծումներ փնտրելու համար», - ասել է ԱԳՆ խոսնակը:

 

«Ադրբեջանի նախագահը շարունակում է հանդես գալ հակասական, իրարամերժ հայտարարություններով. մի կողմից՝ սեփական լսարանին հրամցնում են հակամարտության լուծված լինելու թեզը, մյուս կողմից՝ միջազգային լսարանի համար կազմակերպված միջոցառմանը խոսում խաղաղության համաձայնագրի ստորագրման եւ ԼՂ հակամարտության որոշ հարցերի լուծված չլինելու մասին:

 

Խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է նախեւառաջ խաղաղ գործընթաց, որը դադարել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո», - եզրափակել է Աննա Նաղդալյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին