Հայաստանը ճիշտ ուղղությամբ է ընթանում, ասել է Թրյուդոն - Mediamax.am

4098 դիտում

Հայաստանը ճիշտ ուղղությամբ է ընթանում, ասել է Թրյուդոն


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ դուք «Հայաստանում հաստատակամ եւ հպարտորեն ճիշտ ուղղությամբ եք ընթանում»:

Ջասթին Թրյուդոն այդ մասին ասել է սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ պաշտոնական ընթրիքի ժամանակ:

 

«Պարոն վարչապետ, պարոն նախագահ, Նիկոլ եւ Արմեն, իսկապես ինձ համար շատ մեծ հաճույք է ձեզ ճանաչելը եւ ձեր միջոցով՝ նաեւ ձեր երկիրը: Ինչպես ասացիք, 30 տարի առաջ հորս հետ առիթ եմ ունեցել այստեղ գտնվելու, բայց հիմա վերադարձել եմ մեծ հաճույքով:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Շատ ուրախ եմ ծանոթանալ ձեր երկրի բռնած ուղուն, ձեր երկրի ժողովրդին եւ ողջունում եմ ձեզ դրա համար: Ներկայումս շատ երկրներ նահանջ են ապրում ժողովրդավարությունից, մատնվում են պոպուլիստական նկրտումների, եւ ընդհանուր առմամբ, նկատվում է որոշակի հետընթաց: Եվ դուք այսօր Հայաստանում հաստատակամ եւ հպարտորեն ճիշտ ուղղությամբ եք ընթանում, դուք առաջնորդում եք դեպի ժողովրդավարություն: Եվ ոչ միայն իմ անունից, այլեւ Կանադայի ձեր հայրենակիցների անունից շնորհավորում եմ ձեզ այդ կապակցությամբ:

 

Կարծում եմ, որ Նիկոլը շատ լավ դիմակայեց նաեւ ֆրանսերենի մարտահրավերին եւ հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բոլոր պատվիրակություններին հպարտ ու պատվով նաեւ իր ֆրանսերենով: Քանի որ մենք վերջերս ընդունել ենք Մեծ յոթնյակի գագաթնաժողովը՝ գիտեմ, թե կազմակերպչական ինչ ահռելի ջանքեր է պահանջվում նման գագաթնաժողով կազմակերպելու համար: Պետք է ասեմ, որ դուք պատվով գլուխ հանեցիք դրանից եւ ուզում եմ հատուկ իմ երախտագիտությունը հայտնել կազմակերպիչների ողջ թիմին», - ասել է Կանադայի վարչապետը:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է.

 

«Վերջին օրերին ես անընդհատ մի ձեւակերպում եմ լսում Կանադայի իմ գործընկերոջ հասցեին, որը վստահ չեմ, որ հնարավոր է ճիշտ թարգմանել անգլերեն, բայց մարդիկ, այդ թվում՝ ինձ հարազատ, նրան նայելով ասում են՝ լույսի կտոր է:  Եվ  իսկապես շատ քիչ է պատահում, երբ մարդուն տեսնում ես էկրանին, լուսանկարի մեջ եւ իրականում ու չես գտնում ոչ մի տարբերություն էկրանի, լուսանկարի եւ իրականության միջեւ: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ մարդն իրական է իրականում, իրական է ֆոտոյի մեջ եւ իրական է հեռուստատեսությունում:

 

Կարծում եմ, որ սա արտահայտում է ժամանակակից մարդու ամենակարեւոր ձգտումը՝ լինել իրական, լինել շրջապատված իրական մարդկանցով, ունենալ իրական իշխանություն, իրական կառավարություն, որոնք ապրում են իրականության մեջ եւ հասկանում են իրական խնդիրները եւ կարող են խոսել ճշմարտության, այսինքն` իրականության մասին: Կարծում եմ, որ պարոն Թրյուդոն մեկն է այն համաշխարհային առաջնորդներից, ում ի հայտ գալը, երեւալը քաղաքական բեմահարթակում եւ բարձունքներում նշանավորեց աշխարհում ծայր առած այն նոր միտումը, երբ մենք արարողակարգերը, կեղծիքները, սուտը փոխարինում ենք ճշմարտությամբ, իրականությամբ եւ անկեղծությամբ: Եվ ես կարծում եմ, որ սա իսկապես շատ կարեւոր է, ամենակարեւոր բանն է, որ մարդիկ ուզում են տեսնել:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Այսօր մենք պարոն վարչապետի հետ քննարկում էինք դա, որ մարդկանց ամենաշատն անհրաժեշտ է ոչ թե սոցիալական ապահովվածությունը, որը պակաս կարեւոր չէ, այլ հարգված լինելը սեփական իշխանությունների կողմից, լսված լինելը սեփական իշխանության կողմից: Մենք պետք է ապրենք՝ շրջապատված իրական բովանդակությամբ, որքան էլ դժվար լինի իրականությունը, որքան էլ ոչ այնքան հաճելի լինի իրականությունը: Ես գնահատում եմ այս իրադարձությունը, մեր այս հանդիպումը՝ շատ խորհրդանշական Նոր Հայաստանում եւ համարում եմ, որ Կանադայի մեծարգո վարչապետը՝ իմ բարեկամ Ջասթին Թրյուդոն, խորհրդանշում է ճշմարտության հաղթանակը: Ես հավատում եմ, որ ճշմարտության հաղթարշավը շարունակվելու է աշխարհում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին