«Պաշտոնական Մոսկվան կատաղել է» - Mediamax.am

13127 դիտում

«Պաշտոնական Մոսկվան կատաղել է»


Կոնստանտին Էգգերտը
Կոնստանտին Էգգերտը

Լուսանկարը` Delfi


Երեւան: Մեդիամաքս: Ռուս լրագրող Կոնստանտին Էգերտը կարծում է, որ «Կրեմլին բավարար չէ միայն Հայաստանի արտաքին քաղաքական հավատարմությունը»:

Կոնստանտին Էգգերտն այդ մասին գրում է Deutsche Welle-ում իր շաբաթական սյունակում, որից ներկայացնում ենք որոշ հատվածներ:

 

«Դարի դատավարությունը» եւ ժողովրդավարության թեստը

 

Կա՞ արդյոք Փաշինյանի գործողություններում անձնական վրեժի տարր: Հավանաբար, այո: Կա՞ արդյոք Քոչարյանի եւ գեներալների քրեական հետապնդման իրական առիթ: Անկասկած: 2008 թվականի նախագահական ընտրությունները, որոնցում իշխանությունները Սերժ Սարգսյանին առաջ էին մղում որպես երկրի առաջնորդ, եւ դրանց հաջորդած բողոքի ցույցերը վարույթ անցկացնելու միանշանակ առիթ են: Արդյո՞ք այն կլինի անկողմնակալ: Դժվար է ասել, սակայն առանց առավելագույն հրապարակայնության այդ գործընթացը հաստատ անհնար կլինի անցկացնել:

 

Դատական գործը հայկական ժողովրդավարության համար կարեւորագույն քննություն կդառնա 1991 թվականին անկախություն ձեռք բերելուց ի վեր:

 

«Մոսկվան կատաղել է»

 

«Պաշտոնական Մոսկվան կատաղել է: Առաջին հերթին, իր թեկուզ եւ նախկին արբանյակների դատական հետապնդման փաստն ինքին ընկալվում է որպես քաղաքական մարտահրավեր Հայաստանի քաղաքականության մեջ Ռուսաստանի գերակշռող դիրքին: Երկրորդը՝ դատավարությունը լիովին կարող է առաջացնել քննարկումներ 2008 թվականի ընդվզումներում Կրեմլի դերի վերաբերյալ: Դժվար թե Քոչարյանը լռի: Նրա պաշտպանության գծերից մեկը կլինի հղումը Պուտինի կողմից գործադրված ճնշման վրա: Երրորդը՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության սկսած հակակոռուպցիոն արշավը ավելի ու ավելի է անհանգստացնում Ռուսաստանի ղեկավարությանը:

 

Կոռուպցիան Կրեմլի համար հետխորհրդային տարածքում ազդեցության պահպանման գլխավոր մեթոդներից է: Ինչպես ժամանակին ցույց տվեց Վրաստանի օրինակը Միխայիլ Սահակաշվիլիի օրոք, ներքին քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները բավականին արագ սկսում են անուղղակի ազդել նաեւ պետության արտաքին քաղաքական վրա: Որքան ավելի թափանցիկ է կառավարումը, այնքան ավելի շատ են արտասահմանյան ներդրումները եւ զարգանում են արտաքին կապերը:

 

Խոսքը ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին չէ. Հայաստանը դաշինքին միանալու ոչ ցանկություն, ոչ էլ շանսեր ունի: Քիչ թե շատ լուրջ ինտեգրման ցանկացած փորձ արգելափակվելու է Թուրքիայի կողմից: Հայաստանի անվտանգությունը եւ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը կախված են Ռուսաստանից: Սա չի վիճարկում նաեւ Նիկոլ Փաշինյանը: Մոսկվա կատարած այցի ընթացքում նա գովերգեց ՀԱՊԿ-ը եւ Մաքսային միությունը՝  հետխորհրդային երկրները իր ազդեցության ուղեծրում պահելուն ուղղված Մոսկվայի երկու գլխավոր նախագծերը: Սակայն Հայաստանի վարչապետն իր առաջնահերթություններն ունի: Նրանից պահանջում են պայքար կոռուպցիայի դեմ, տնտեսության վերածնունդ, ներդրումներ: Վստահության մանդատը, որը նա ստացել է գարնանը, շատ արագ կարող է սպառվել:

 

Մոսկովյան «կայունությունը»

 

Սակայն դա չի բավարարում Կրեմլին: Նրան բավարար չէ միայն Հայաստանի  արտաքին քաղաքական հավատարմությունը: Նրան հարկավոր է լիակատար վերահսկողություն եւ այն հատուկ մոսկովյան «կայունությունը», որն ապահովվում է ստվերային պայմանավորվածությունների, քաղաքական հակառակորդների հետապնդման եւ անդրսահմանային կոռուպցիայի միջոցով:

 

Դաշնակիցների հետ հարգալից տոնով խոսելու եւ տեղական քաղաքականության (որը Հայաստանում ավելի ժողովրդավարական եւ ազատ է, քան ռուսականը) նրբությունները հասկանալու դժկամությունը պաշտոնական Մոսկվային կտանի  դեպի նոր պարտություններ հետխորհրդային տարածքում եւ, հավանաբար, նույնիսկ այն երկրներում, որոնք այսօր դաշնակից են համարվում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին