«Փաշինյանը հակառուսական օրակարգ չունի, բայց սա խաղ է կրակի հետ» - Mediamax.am

24984 դիտում

«Փաշինյանը հակառուսական օրակարգ չունի, բայց սա խաղ է կրակի հետ»


Ֆյոդոր Լուկյանովը
Ֆյոդոր Լուկյանովը

Լուսանկարը` ukraina.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանցի քաղաքագետ, Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահ Ֆյոդոր Լուկյանովը կարծում է, որ թեեւ ՀՀ իշխանությունների գործողությունները հակառուսական ենթատեքստ չունեն, աճող աշխարհաքաղաքական լարման պայմաններում դրանք «խաղ են կրակի հետ»:

Ֆյոդոր Լուկյանովն այդ մասին գրել է «Արդյո՞ք պարզությունն ավելի լավ է» սյունակում, որը հատվածաբար ներկայացնում ենք ստորեւ:

 

Ոչ թե դեմարշ, այլ տարածված միտում

 

«Նախկին նախագահի կալանավորումը նախադեպ է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ հետխորհրդային տարածքի համար: Ռուսաստանում, սակայն, ոչ պակաս արձագանք գտավ մեղադրանքի առաջադրումը նույն գործով անցնող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Այսինքն՝ միջազգային պաշտոնյայի, որը բարձրագույն պաշտոն է զբաղեցնում ռազմական դաշինքում, որի առաջատար պետությունը Ռուսաստանն է: Այս հանգամանքը ստիպեց մի շարք մեկնաբանների խոսել Նիկոլ Փաշինյանի կառավարության մտածված հակառուսական դեմարշի մասին, որին առանց այն էլ շատերը կասկածում են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին հավատարմության առումով:

 

Սակայն Հայաստանում, ինչպես նաեւ այլ պետություններում տեղի ունեցողը դիտարկել միայն Ռուսաստանի եւ Արեւմուտքի դիմակայության լույսի ներքո, ինչպես սովոր են շատ վերլուծաբաններ, նշանակում է պարզեցնել պատկերը:

 

Ամենուրեք տարածված միտումը ներքին իրավիճակի գերիշխումն է արտաքինի հանդեպ: Հասարակություններում տրամադրությունների փոփոխությունը, նրանց դժգոհությունը իսթեբլիշմենթից քաղաքական գործիչներին ստիպում են արագ փոխել կուրսը: Իսկ եթե նրանք անկարող են դա անել, ալիքը նոր ուժեր է բերում, եւ դեր չի խաղում, թե արդյո՞ք նրանք ունակ են պատասխանատու խելամիտ քաղաքականություն վարել: Մարդիկ պարզապես գնում են նոր մարդկանց եւ նոր կարգախոսների հետեւից: Այս համատեքստում Թրամփը, Մակրոնը, Սալվինին եւ Փաշինյանը՝ նույն ոճի, բայց միանգամայն տարբեր մասշտաբի երեւույթներ են»:

 

Միայն մեկ հասցեատեր

 

«Նոր ուժերի համար գլխավորն է ցույց տալ քաղաքացիներին, որ իրենք իսկապես կարող են արձագանքել ներքեւից եկող պահանջներին: Եթե չեն կարողանում, աջակցությունն արագ կրճատվում է, եւ դրա ապացույցը Մակրոնի վարկանիշի ռեկորդային անկումն է: Նոր ալիքի քաղաքական գործիչները մեկ հասցեատեր ունեն՝ սեփական ընտրողը, եւ նրանք ուշադրություն չեն դարձնում կամ գրեթե չեն դարձնում, թե ինչպես են իրենց գործողություններն անդրադառնում միջազգային հարաբերությունների վրա: Թրամփը դրա վառ օրինակն է:

 

ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարի դատական հետապնդումը Ռուսաստանում ընկալվում է որպես վիրավորական եւ ցուցադրական, եւ, հնարավոր է, դրսից հրահրված քայլ: Ինձ վրա համարձակություն կվերցնեմ պնդել, որ այն մարդիկ, որոնք Երեւանում կայացնում էին այդ որոշումը, եթե անգամ մտածում էին դրա միջազգային հետեւանքների մասին, ապա՝ ամենավերջին հերթին: Սեփական քաղաքական լանդշաֆտի վերաձեւման անհրաժեշտությունը, պայքարը կոռուպցիայի դեմ, վաղուց կայացած քաղաքական կլանների ազդեցությունից ազատվելը (որոնցից ամենահզորի գլուխը Քոչարյանն է)՝ «հեղափոխական» իշխանության բացարձակ առաջնահերթությունն է: Երբ ղեկավարն իշխանություն է գալիս փողոցային բողոքների ալիքի վրա, նրան պետք են սեփական վճռականություն ապացույցներ: Եվ «կողմնակի վնասները», ինչպիսին այս դեպքում հիմար վիճակում հայտնված ՀԱՊԿ-ն, ուշադրության չեն արժանանում»:

 

Արեւմուտքի դերը

 

«Իհարկե, այն, ինչ կատարվում է, նախապատմություն ունի, եւ կարելի է խոսել արեւմտյան ազդեցության մասին, սակայն ոչ ավանդական իմաստով: Հայաստանի (եւ ոչ միայն) ժամանակակից դինամիկան՝ ամբողջապես ներքին զարգացման արդյունք է: Բայց դա պայմանավորվել է մի շարք գործոններով, այդ թվում՝ շատ կարեւոր արեւմտյան գործոնով:

 

Սերունդը, որի հետ ընդունված է կապել «գունավոր հեղափոխությունները»` այն ժամանակի ծնունդ է, երբ երիտասարդ քաղաքական էլիտաների ձեւավորմանը աջակցում էր Արեւմուտքը: Բազմաթիվ ծրագրերը իրագործվում էին արագացված ռեժիմով եւ պարզեցված ընթացակարգերով: Դա երեւան բերեց քաղաքական ակտիվիստների, որոնք մերժում էին այն ամենը, ինչ եղել է իրենցից առաջ եւ օգտագործում էին անհերքելի կարգախոսների հավաքածու՝ կոռուպցիայի, ժողովրդավարության, ազատության, քաղաքացիական հասարակության մասին: Եվ, իհարկե, մեծ տեղ էին տալիս հակագաղութային պաթոսին, որովհետեւ 2000-ականներին եւ 2010-ականների առաջին կեսին արեւմտյան ինստիտուտները հաճույքով սատարում էին հակառուսական արշավներին:

 

Հիմա իրավիճակը նորից փոխվել է: Արեւմուտքը չափազանց շատ եւ սուր խնդիրներ ունի: Սակայն փոփոխությունները, որոնց հիմքերը վաղուց են դրվել, շարունակվում են եւ կարգախոսների այդ հավաքածուն շարունակում է մնալ շատերի զինանոցում՝ արդեն առանց հատուկ արտաքին սնուցման»:

 

«Պարզությունը երբեմն գողությունից էլ վատ է»

 

«Դաշնակիցների հետ հարաբերություններում անսպասելի քայլերը հաստատ Հայաստանի օգտին չեն լինի: Նման բաներով զբաղվելը ամենուրեք աճող աշխարհաքաղաքական լարման պայմաններում՝ խաղ է կրակի հետ, որքան էլ ծանրակշիռ չլինեն գեներալ Խաչատուրովին ներկայացվող հարցերը: Եվ այն փաստը, որ Երեւանի գործողություններում իրականում չկա հակառուսական ենթատեքստ կամ դաշնակիցների հանդեպ դեմարշ անելու ցանկություն, պարտադիր չէ որ ի վերջո մեղմացուցիչ հանգամանք դիտարկվի: Ինչպես ռուսական ասացվածքն է ասում՝ «պարզությունը երբեմն գողությունից էլ վատ է»»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին