Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջան-ԵԱՏՄ հնարավոր մերձեցումը - Mediamax.am

5728 դիտում

Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջան-ԵԱՏՄ հնարավոր մերձեցումը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում մեկնաբանել է Եվրասիական տնտեսական միության հետ Ադրբեջանի մերձեցման հնարավորությունը:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հատված այդ հարցազրույցից:

 

- Կարծիք կա, որ Բաքուն հետաքրքրված է ԵԱՏՄ-ով: Եթե հանկարծ Ադրբեջանն իսկապես որոշի առաջ շարժվել այս ուղղությամբ եւ մերձենալ ԵԱՏՄ-ի հետ, ինչպիսի՞ն կլինի Հայաստանի դիրքորոշումը:

 

- Ադրբեջանն այն երկիրն է, որն այսօր շրջափակում է Հայաստանը: Ձեռնարկում է միակողմանի միջոցներ՝ ընդդեմ Հայաստանի: Բաքուն վարում է այնպիսի քաղաքականություն, որը միտված չէ փոխգործակցության որեւէ գործընթացի նպաստելուն, վստահության մթնոլորտի ստեղծմանը, մարդկային շփումների վերականգմանը: Մենք գործ ունենք այնպիսի երկրի հետ, որն ամեն կերպ խթանում է ատելության մթնոլորտը: Վերցրեք անգամ այն տերմինաբանական դարձվածքները, որոնք կիրառվում են Հայաստանի եւ հայերի դեմ: ԵԱՏՄ-ն համագործակցության կազմակերպություն է: Ի՞նչ եք ակնկալում մեզնից:

 

- Ձեր պատասխանը ես կարող եմ ամփոփել մեկ արտահայտությամբ. եթե Ադրբեջանը ցանկանա անդամակցել ԵԱՏՄ-ին, ապա Հայաստանը կասի. «Մենք դեմ ենք»:

 

- Դուք ձեւակերպեցիք Հայաստանի դիրքորոշումը:

 

-Ինձ ավելի շատ հետաքրքրում է, հնարավո՞ր է ձեւակերպել Հայաստանի դիրքորոշումը:

 

- Եթե լուրջ, ապա ես կասեմ, որ մենք չենք կարող հաշվի չառնել իրողությունները:

 

- ԵԱՏՄ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի միջոցով: Եթե Հայաստանը դեմ լինի, Ադրբեջանը դիտորդ չի դառնա:

 

- Համագործակցությանը վերաբերող հարցերը քննարկելիս մենք չենք կարող հաշվի չառնել առկա իրողությունները: Իսկ իրողություններն այնպիսին են, որ մենք գործ ունենք որեւէ հարաբերությունից բացարձակ հրաժարվող կողմի հետ: Նույնիսկ մարդկային շփումներից, ես էլ չեմ խոսում տնտեսական կապերի մասին: Էլ ինչի՞ մասին է խոսքը: Որպեսզի ունենա՞նք դիտորդ, որն անտեսում է երկրներից մեկին: Որը համարում է, որ այդ երկրի հետ չարժե անգամ խոսե՞լ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին