Հայաստանում մեկնարկել են Եվրոպայի օրվա միջոցառումները - Mediamax.am

4518 դիտում

Հայաստանում մեկնարկել են Եվրոպայի օրվա միջոցառումները


Լուսանկարը` European Union in Armenia


Մայիսի 11-ին ազդարարվել է Հայաստանում Եվրոպայի օրվա տոնակատարությունների մեկնարկը:

«Եվրոպայի օրը համընդհանուր արժեքների տոնակատարություն է։ Մենք մեր միջոցառումներով դիմում ենք երիտասարդ սերնդին, այն մարդկանց, ովքեր մտահոգված են Հայաստանի ապագայով։ Ուրախ կլինենք, եթե նրանք այդ ապագան կապեն եվրոպական արժեքների հետ»,- մեկնարկային միջոցառման ընթացքում ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։

 

Շարունակելով միտքը՝ դեսպանը նշել է, որ «նախորդ օրերին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում հայ երիտասարդները ցույց են տվել, որ հավատում են այդ արժեքներին, որոնք վերաբերում են ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին, արդար դատական համակարգին, կոռուպցիայի վերացմանը, սոցիալական համերաշխությանը»: Այս համատեքստում անդրադառնալով նաեւ Հայաստանի նոր ձեւավորվող կառավարության հետ համագործակցությանը՝ Պյոտր Սվիտալսկին այսօր է, որ ԵՄ-ն պատրաստ է աշխատել վերջինի հետ:

 

Եվրոպայի օրվա տոնակատարությունները կշարունակվեն մինչեւ հունիսի 2-ը եւ կանցկացվեն վեց քաղաքներում։ Առաջին բացօթյա միջոցառումը տեղի կունենա Իջեւանում մայիսի 12-ին։ Հրազդանը կյուրընկալի Եվրոպայի օրվա տոնակատարությունները մայիսի 13-ին, Վանաձորը՝ մայիսի 19-ին, Գյումրին՝ մայիսի 20-ին, Կապանը՝ մայիսի 26-ին, Եղեգնաձորը՝ մայիսի 27-ին, իսկ Երեւանում ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա հունիսի 2-ին:

 

Միջոցառումների շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ Եվրոպայի եւ Հայաստանում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերին, վայելել լավ երաժշտություն, մասնակցել տարբեր մրցույթների եւ ստանալ նվերներ, ինչպես նաեւ ճաշակել եվրոպական տարբեր երկրների ազգային ուտեստներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին