Բեռլինն ուզում է Հայաստանն ու Վրաստանը «անվտանգ երկրներ» հռչակել - Mediamax.am

8430 դիտում

Բեռլինն ուզում է Հայաստանն ու Վրաստանը «անվտանգ երկրներ» հռչակել


Հորսթ Զեեհոֆերը
Հորսթ Զեեհոֆերը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը (Horst Seehofer) մտադիր է հասնել նրան, որպեսզի Վրաստանն ու Հայաստանը դասվեն, այսպես կոչված, «անվտանգ երկրների» շարքին:

Ինչպես հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, այդ մասին Westdeutsche Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում ասել է  Գերմանիայի ներքին գործերի նախարարության պետքարտուղար Շտեֆան Մայերը (Stephan Meyer):

 

Նրա խոսքով` ապաստան տալու մասին դիմումների մշակման գործընթացն արագացնելու նպատակով նախարարը մտադիր է հասնել նրան, որպեսզի Վրաստանը եւ Հայաստանը՝ Մարոկկոյի, Թունիսի եւ Ալժիրի պես ճանաչվեն «անվտանգ երկրներ»:

 

Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիների խնդրագրերի թիվը մեծ է, սակայն ընդունվում են շատ քիչ թվով դրական որոշումներ, ասել է Շտեֆան Մայերը:

 

2017թ. Գերմանիայում ապաստան ստանալու խնդրագիր է ներկայացրել Վրաստանի 3 462 եւ Հայաստանի 3 857 քաղաքացի:

 

2018թ. սկզբին գործող խորհրդարանական կոալիցիայի ստեղծումից առաջ նրա մասնակիցները՝ CDU/CSU կոնսերվատիվ դաշինքը եւ սոցիալ-դեմոկրատները Ալժիրը, Մարոկկոն եւ Թունիսը «անվտանգ երկրների» ցուցակում ընդգրկելու վերաբերյալ պայմանավորվածություն էին ձեռք բերել: Դեպի այդ երկրներ արտաքսումը կատարվում է պարզեցված եւ արագ ընթացակարգով:

 

2014թ. սեպտեմբերին հավանության էր արժանացել Սերբիան, Մակեդոնիան, Բոսնիան եւ Հերցեգովինան «անվտանգ երկրների» ցուցակում ընդգրկելու վերաբերյալ Գերմանիայի կառավարության նախաձեռնությունը: Ավելի ուշ այդ ցուցակում ընդգրկվեցին Ալբանիան, Կոսովոն եւ Չեռնոգորիան: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին