Թրամփի նոր խորհրդականը ժամանակին առաջարկում էր աջակցել Բաքվին - Mediamax.am

11260 դիտում

Թրամփի նոր խորհրդականը ժամանակին առաջարկում էր աջակցել Բաքվին


Ջոն Բոլթոնը
Ջոն Բոլթոնը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն երրորդ անգամ փոխել է իր ազգային անվտանգության հարցերով խորհրդականին՝ այդ պաշտոնում նշանակելով պետքարտուղարի նախկին տեղակալ եւ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բոլթոնին:

Ջոն Բոլթոնը ամենահայտնի ամերիկյան նեոկոնսերվատորներից է: Նա համարվում է 2003 թվականի Իրաքի պատերազմի հիմնական «ճարտարապետներից» մեկը, տարբեր տարիներին հանդես է եկել Իրանի եւ Ռուսաստանի խիստ քննադատությամբ:

 

Մեդիամաքսի արխիվում ընդամենը մեկ հիշատակում կա Ջոն Բոլթոնի հետ հայ պաշտոնյաների հանդիպման մասին՝ 2003 թվականի սեպտեմբերին նրան Նյու Յորքում հանդիպել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի նիստի շրջանակում կայացած հանդիպմանը Օսկանյաը եւ Բոլթոնը քննարկել էին զենքերի չտարածման եւ Միջազգային քրեական տրիբունալի հետ կապված հարցեր:

 

2011 թվականին պաշտոնաթող դիվանագետ Ջոն Բոլթոնն ասել էր, որ ԱՄՆ-ը պետք է վերանայի իր մոտեցումը եւ ավելի շատ աջակցություն ցուցաբերի Ադրբեջանին, քանի որ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել իր դիրքերը տարածաշրջանում:

 

Նա նաեւ նկատել էր, որ ԱՄՆ-ն պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2017թ. ապրիլին Brookings Institution-ի փորձագետ Ֆիոնա Հիլը զբաղեցրեց ԱՄՆ նախագահի հատուկ օգնականի եւ Ազգային անվտանգության Խորհրդում Ռուսաստանի եւ Եվրոպայի հարցերով ավագ տնօրենի պաշտոնը։

Ֆիոնա Հիլը Ֆիոնա Հիլը

Լուսանկարը` http://russiancouncil.ru

Ֆիոնա Հիլը այն եզակի ամերիկյան փորձագետներից է, ով լավ ծանոթ է Հարավային Կովկասի տարածաշրջանին եւ պատկերացում ունի ԼՂ հակամարտության մասին։

   

2004 թ. նոյեմբերին Ֆիոնա Հիլն ասել էր, որ Հարավային Կովկասում բացակայում է ընդհանուր օրակարգը, որը կօգներ տարածաշրջանի երկրների համատեղ զարգացմանը։

 

«Կովկասում բոլոր խաղացողները միայն սեփական խաղն են վարում։ Շատ հետաքրքիր է համեմատել Կովկասը Բալթյան երկրների հետ, որտեղ տարվել են ու շարունակվում են նույն քննարկումները, ինչպես Կովկասում՝ Եվրոպային ինտեգրվելու, ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու մասին եւ այլն։ Բալթյան երկրները հաջողությամբ լուծել են այդ հարցերը, քանի որ միասին էին գործում։ Կովկասում ամեն բան հակառակ կերպ է ընդանում։ Չկա մի ընդհանուր օրակարգ, որը կօժանդակեր տարածաշրջանի երկրների համատեղ զարգացմանը։ Գլխավոր խնդիրը նրանց միջեւ փոխգործակցության բացակայությունն է։ Ես վստահ չեմ, որ Վրաստանը կարող է կամուրջի դեր խաղալ, կապելով տարածաշրջանի երկրները, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը բացասաբար են գնահատում Վրաստանի դերը։ Այժմ մենք ականատես ենք տարածաշրջանի երեք պետությունների մրցակցությանը, ընդ որում, այն տեղի է ունենում ոչ միայն տարածաշրջանում, այլեւ Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում եւ Վաշինգթոնում», - այն ժամանակ ասել էր Հիլը Washington ProFile-ին տված հարցազրույցում։

 

2010 թ․ հոկտեմբերին Ֆիոնա Հիլը հայտարարել էր, որ «ԼՂ հակամարտությունը այսուհետ չի կարելի սառեցված համարել»։

 

«Ակնհայտ է դառնում, որ կրակոցների ու զոհերի թիվը շփման գծում շարունակում է աճել, իսկ Ադրբեջանը ակտիվորեն նախապատրաստվում է նոր պատերազմի։ ՀՀ տարածքում ՌԴ ռազմակայանի տեղակայման պայմանագրի երկարաձգումը կարող է որոշ չափով զսպող գործոն լինել, սակայն դրան զուգահեռ ՌԴ նախագահը գնում է Բաքու եւ զինում է հակամարտության մյուս կողմը, ինչն էլ ավելի է մեծացնում նոր պատերազմի հավանականությունը», - ասել էր Հիլը «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տված հարցազրույցում։

 

Մեդիամաքսը նշում է, որ 2015 թ․ հունիսին Ֆիոնա Հիլը երկու գործընկերների հետ համատեղ հրապարակել էր «Վստահության խաղեր․ Ադրբեջան, Եվրոպական խաղեր եւ Արեւմուտք» հոդվածը, որում վերլուծել էր Բաքվի եւ արեւմտյան գործընկերների հարաբերությունների վատթարացման պատճառները։

 

Հոդվածում, մասնավորապես, ասվում էր, որ Բաքվի ընկալմամբ, Արեւմուտքի կտրուկ արձագանքը եւ պատժամիջոցները Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո,  «կտրուկ տարբերվել է բավականին պասիվ միջազգային արձագանքից՝ Ադրբեջանի տարածքի գրեթե մեկ հինգերորդը Հայաստանի կողմից սատարվող ուժերի կողմից օկուպացման վերաբերյալ»։

 

Հոդվածի հեղինակները գրել էին, որ Ադրբեջանի ու Արեւմուտքի միջեւ հարաբերությունների վերականգման ճանապարհներից մեկը կարող է լինել ԼՂ հարցի լուծմանը ուղղված ջանքերի ակտիվացումը, «որոնք կուղեկցվեն երկու կողմի համար խաղաղության օգուտները ցուցադրող իրական ազդակներով»։

 

«Արեւմուտքը պետք է ուժեղացնի իր աջակցությունը Ադրբեջանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը, միեւնույն ժամանակ իրատես մնալով եւ չափից շատ չխոստանալով», - գրել էին Ֆիոնա Հիլն ու համահեղինակները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին