Նալբանդյան՝ Թուրքիան բաց թողեց հաշտեցման հնարավորությունը - Mediamax.am

5675 դիտում

Նալբանդյան՝ Թուրքիան բաց թողեց հաշտեցման հնարավորությունը


Էդվարդ Նալբանդյանը
Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը ապրիլին կավարտի Հայաստանի եւ ԵՄ միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՄ) վավերացման գործընթացը:

Այդ մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ փետրվարի 21-ին ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

 

Ներկայացնում ենք հատվածներ այդ ելույթից:

 

Հայաստան եւ Եվրոպական միություն

 

Ժողովրդավարական կառույցների հետագա ամրապնդումը, օրենքի գերակայությունը, դատական համակարգի ամրապնդումը, արդյունավետ կառավարումը հանդիսանում են ՀԸԳՄ առանցքը:

 

Համաձայնագիրն արտացոլում է մեր գործընկերության խորությունն ու ծավալը եւ սահմանում ապագա համագործակցության ուղենիշները: Մենք խորապես համոզված ենք, որ այն նպաստելու է մեր երկրում բարեփոխումների գործընթացի իրականացմանը եւ կայուն զարգացմանը:

 

Այս համաձայնագրի կարեւորությունը չի սահմանափակվում միայն Հայաստան-ԵՄ հարաբերություններով. այն լայնորեն ընդունվում է եւ ներկայացվում որպես ինտեգրացիոն գործընթացները միմյանց մերձեցնելու եւ համագործակցության ոգով շահերն արդյունավետորեն կամրջելու հաջող օրինակ:

 

Հակամարտությունները եւ բաժանարար գծերը

 

Հայաստանը ձեռնարկում է հնարավոր բոլոր ջանքերը համագործակցության մթնոլորտը բարելավելու համար: Սակայն հակամարտությունները եւ բաժանարար գծերը շարունակում են խոչընդոտել մեր տարածաշրջանում համագործակցային մթնոլորտի ձեւավորումը:

 

Բեռլինի պատի անկումից գրեթե երեսուն տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ իր սահմանը:

 

Երբ տասը տարի առաջ Նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնեց պաշտոնը, նա նախաձեռնեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց որեւէ նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթաց: Թուրքիան համաձայնեց առաջ շարժվել այս հիմքի վրա, եւ մեկ տարի անց Ցյուրիխում Հայաստանը եւ Թուրքիան երկու արձանագրություն ստորագրեցին այս ուղղությամբ: Սակայն ստորագրումից անմիջապես հետո Թուրքիան հետ կանգնեց պայմանավորվածություններից եւ վերադարձավ նախապայմանների լեզվին, որը որդեգրել էր գործընթացի մեկնարկից առաջ: Թուրքիան փորձեց հայ-թուրքական կարգավորման գործընթացը կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ` հիմնված ադրբեջանական կողմի անհիմն պահանջների վրա:

 

Թուրքական կողմի յուրաքանչյուր փորձ միջամտելու ղարաբաղյան գործընթացին կամ հարաբերությունների կարգավորումը կապելու Լեռնային Ղարաբաղի բանակցությունների հետ վնասում է երկու գործընթացներին էլ:

 

Գործընթացի սկզբից ի վեր թուրքական կողմի հետ մեր շփումներում, ինչպես նաեւ հրապարակայնորեն հստակ նշել ենք, որ Հայաստանը երբեւէ հարցականի տակ չի դնելու Հայոց ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման կարեւորությունը: Իրական հաշտեցումը հիմնված չէ անցյալը մոռանալու կամ երիտասարդ սերնդին ժխտողականության հեքիաթներով սնուցելու վրա: Հայաստանը չէր պահանջում Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը որպես հարաբերությունների կարգավորման նախապայման: Որքան էլ որ տարօրինակ է, հենց Թուրքիան, որը հարյուր տարի շարունակ շարունակաբար ժխտել է Ցեղասպանությունը, փորձեց շահարկել այդ խնդիրը` այն օգտագործելով որպես նախապայման:

 

Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը կարող էր նոր հնարավորություններ ստեղծել ինչպես մեր երկու ժողովուրդների, այնպես էլ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար: Հայաստանը ջանք չի խնայել, որ գործընթացը հաջողությամբ պսակվի։ Թուրքիան բաց թողեց հաշտեցման պատմական հնարավորությունը: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որեւէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը։ Ինչպես անցյալ շաբաթ օրը Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի ժամանակ ունեցած իր ելույթում ընդգծել է նախագահ Սարգսյանը. «Մենք չենք կարող հավերժ սպասել Թուրքիայի պատասխանին»:

 

Տարածքային պահանջներն ու նիզակ ճոճելը

 

Լեռնային Ղարաբաղը երբեւէ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Սակայն, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է պահանջել Լեռնային Ղարաբաղը, եւ ոչ միայն այն: Փետրվարի 8-ին այդ երկրի նախագահը հայտարարեց, որ Հայաստանի տարբեր շրջաններ՝ ներառյալ մայրաքաղաք Երեւանը, Ադրբեջանի պատմական հողերն են, ուր ադրբեջանցիները պետք է վերադառնան, եւ դա Բաքվի քաղաքական եւ ռազմավարական նպատակն է: Ձեր հայեցողությանն եմ թողնում, թե արդյոք սա տարածքային պահանջ է հարեւան երկրի նկատմամբ, նիզակ ճոճում, թե՞ մեկ այլ բան: Ինչպես հայտնի է, Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը, որը ուժի կիրառման կամ սպառնալիքի հայտարարություններ է ներառում բազմիցս վերածվել է իրական գործողությունների:

 

2016թ. ապրիլին Ադրբեջանը կրկին լայնածավալ ռազմական հարձակում սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով՝ ներառյալ երեխաների, կանանց եւ տարեց անձանց սպանությունով, դիակապտությամբ, գերեվարված զինվորների` տխրահռչակ ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ ոճով գլխատումներով։ Ակնհայտ է, որ այս ագրեսիան լուրջ վնաս հասցրեց խաղաղ գործընթացին: Ագրեսիայից հետո միջնորդ համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից կազմակերպվեց երկու գագաթաժողով Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում` ուղղված իրադրության կայունացմանը եւ խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Սակայն Ադրբեջանը հետքայլ կատարեց այդ գագաթաժողվներին ձեռք բերված պայմանավորվածություններից եւ հրաժարվեց կատարել դրանք: Դա նախեւառաջ վերաբերում է հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծմանը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի մշտադիտարկման կարողությունների ընդլայնմանը, ինչպես նաեւ իհարկե 1994-1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերի անվերապահ կատարմանը:

 

Հետքայլ Կրակովի պայմանավորվածությունից

 

Բարձր մակարդակով հանդիպումների մեկուկես տարի տեւողությամբ ընդմիջումից հետո էր, որ նախագահները կրկին հանդիպեցին անցած հոկտեմբերին Ժնեւում: Գագաթաժողովից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, համանախագահների հետ համատեղ, հայտարարություն կատարեցին, որում արտացոլվեց այն, ինչ Հայաստանը երկար ժամանակ կոչ էր անում. ինտենսիվացնել բանակցային գործընթացը եւ լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածության նվազեցման համար, այսինքն, իրագործել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները:

 

Այնուամենայնիվ, Ադրբեջանը չի կատարում պայմանավորվածությունները: Ամենաթարմ վկայությունը հունվարին Կրակովում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն էր, որտեղ սկզբունքորեն համաձայնություն էր ձեռք բերվել իրականացնելու անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը: Այս պայմանավորվածության առնչությամբ Հայաստանն ու համանախագահները տարածեցին գրեթե նույնական հայտարարություն, մինչդեռ Ադրբեջանը դրան որեւէ հղում չի կատարել ոչ հանդիպումից հետո ոչ էլ մինչ օրս: Երբ մի քանի օր առաջ համանախագահները այցելեցին տարածաշրջան, Ադրբեջանը կրկին հրաժարվեց հարգել ընդլայնման իրագործման վերաբերյալ այս պայմանավորվածությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին