Փետրվարի 5-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը որոշել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել 2018թ. ապրիլին՝ հոկտեմբերին կայանալիք հերթական ընտրությունների փոխարեն: Մեդիամաքսը առանց մեկնաբանության ներկայացնում է հատվածներ տարբեր տարիներին Ալիեւի կողմից արված հայտարարություններից:
«Իրավան» քաղաքի մասին
2008 թվականի հունվարին Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ «Իրավան քաղաքը 1918 թվականին նվիրել են հայերին»:
«Դա մեծ սխալ էր: Իրավանյան խանությունն ադրբեջանական հող է եղել, իսկ հայերն այստեղ հյուրեր են եղել»,- ասել էր Իլհամ Ալիեւը:
Ռամիլ Սաֆարովի եւ «երկակի ստանդարտների» մասին
2012 թվականի հոկտեմբերի 9-ին Իլհամ Ալիեւն ասել էր, որ ճիշտ է համարում Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին իր որոշումը.
«Դա շատ ճիշտ որոշում էր, եւ եթե ես նույնիսկ այդ ժամանակ իմանայի, որ հայերը եւ նրանց հովանավորները նման աղմուկ կբարձրացնեն, միեւնույն է ներում կշնորհեի Ռամիլ Սաֆարովին:
Լուսանկարը` REUTERS
Ադրբեջանը հայրենիք է վերադարձրել իր սպային: Ամենագլխավորը դա է: Ինչ էլ չասեն հայերը, դա ինձ բոլորովին չի հետաքրքրում: Նախորդ տարիներին Եվրոպայի Խորհուրդը, հումանիտար սկզբունքների պատրվակով, ստիպում էր մեր պետությանը ներում շնորհել հանցագործություններ գործած մարդկանց: Ռամիլ Սաֆարովը մոտ ինը տարի մնաց կալանքի տակ, այսինքն, նրա ներումը լիովին հիմնավորված է բարոյական, քաղաքական եւ իրավական տեսանկյուններից: Բայց ի՞նչ ենք մենք տեսնում: Մենք կրկին տեսնում ենք երկակի ստանդարտների քաղաքականություն: Ամենայն վստահությամբ ասում եմ, որ եթե հայ սպան սպաներ ադրբեջանցի սպային, երբեք նման աղմուկ չէր լինի»:
Հայաստանի եւ աշխարհի քարտեզի մասին
2017 թվականի hունվարին 23-ին Իլհամ Ալիեւը հայտարարել էր.
«Մենք 25 տարի է ինչ անկախ պետություն ենք, եւ կարողացել ենք դրան հասնել առանց որեւէ մեկի օգնության, առանց ինչ-որ մեկի փեշից կառչելու: Այսօր մենք պետք է բացահայտ ասենք, որ որպես անկախ պետություն Հայաստանի գոյությունը աշխարհի քարտեզի վրա ձեւական է: Նա սեփական ապագան ինքնուրույն որոշել չի կարող»:
Աշխարհին սպառնացող «մեծ աղետի» մասին
2016 թվականի փետրվարին Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ «եթե աշխարհում շարունակվեն կրոնական հողի վրա տեղի ունեցող հակամարտությունները, ապա դա կհանգեցնի մեծ աղետի»:
Լուսանկարը` REUTERS
«Այսօր արտաքին ներխուժումից տուժած մարդիկ տանջանքներ են կրում, առերեսվելով մեծ վտանգների, ուղեւորվում են Եվրոպա, որպեսզի պարզապես չմահանան: Ճանապարհին նրանցից շատերը խեղդվում են ծովում: Մենք տեսնում ենք, որ նրանց հանդեպ վերաբերմունքը բոլորովին չի համապատասխանում եվրոպացիների կողմից հայտարարված սկզբունքներին: Այդ մարդիկ ոչինչում մեղավոր չեն: Եթե չլիներ արտաքին ներխուժումը, նրանք կապրեին սեփական երկրներում: Միակողմանի քարոզը փախստականների վերաբերյալ արեւմտյան մեդիայում հանգեցնում է նրան, որ Եվրոպայում աճում է ծայրահեղական կուսակցությունների ուժը, նրանք աստիճանաբար ավելի մեծ քաղաքական աջակցություն են ստանում: Եթե այդպես շարունակվի, ապա մի քանի տարի անց նրանք կարող են իշխանության գալ իրենց երկրներում», - ասել էր Ալիեւը:
Նավթի գնի եւ «հոգեբանական հյուծման» մասին
2016 թվականի հունվարին Իլհամ Ալիեւը Դավոսում հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ չէ նավթի գնի հետագա անկմանը:
Լուսանկարը` REUTERS
«Նավթի գնի շարունակական անկումը բավական հյուծիչ է, այդ թվում՝ հոգեբանական առումով, էլ չասած պետական բյուջեն հավասարակշռելու անհրաժեշտության մասին: Ծանր է լսել, որ նավթի գներն ավելի են իջնելու՝ թեեւ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ դա անակնկալ չի լինի»,- խոստովանել էր Ադրբեջանի նախագահը:
Նավթի գնի եւ դավադրության տեսության մասին
2015 թվականի դեկտեմբերին Իլհամ Ալիեւը հայտարարություններ էր արել այն մասին, որ նավթի միջազգային գների անկումը կանխամտածված քաղաքականության արդյունք է:
«Եվ այդ քաղաքականության նպատակը ոչ ոքի համար գաղտնիք չէ: Ադրբեջանը վնասներ է կրում այդ իրավիճակից», - ասել էր Ալիեւը:
Եվրատեսիլի, միջազգային իրավունքի եւ «թղթի կտորի» մասին
2015 թվականի մարտին Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե «համաշխարհային քաղաքականությունում տիրում է ոչ թե միջազգային իրավունքը, այլ երեսպաշտությունը, երկակի ստանդարտները, ռասիզմը, իսլամոֆոբիան ու այլատյացությունը»:
Լուսանկարը` REUTERS
«Այսօր արտասահմանյան որոշ շրջանակներ բացահայտ արշավ են իրականացնում Ադրբեջանի դեմ: Մենք պատրաստ ենք դրան: Այդ արշավը, իրականում, երբեւէ չի դադարեցվել: Պարզապես կարեւոր միջազգային միջոցառումների նախօրեին այդ արշավն էլ ավելի սոսկալի տեսք է ստանում: Մենք դրա հետ բախվեցինք երեք տարի առաջ՝ 2012-ին, «Եվրատեսիլ» մրցույթից առաջ: Մենք դա այսօր էլ ենք տեսնում, առաջին Եվրոպական խաղերի շեմին»,- ասել էր Ալիեւը:
Նրա խոսքով, «այսօր աշխարհում միջազգային իրավունքը չի գործում, միջազգային պայմանագրերն ընդամենը որեւէ արժեք չունեցող թղթի կտոր են»:
«Ով ուժեղ է, անտեսում է այդ պայմանագրերը: Այսինքն, աշխարհում նոր շրջան է սկսվել, եւ մենք պետք է իմանանք դա: Միջազգային իրավունքը ընդամենը գործիք է հզոր պետությունների ձեռքում՝ թույլ պետություններին որեւէ բան պարտադրելու համար: Սակայն իրենց համար միջազգային իրավունքը ոչինչ է: Մենք տեսնում ենք դա, բոլորն են դա տեսնում»,- հայտարարել էր Ալիեւը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: