8330 դիտում

Կարասին. «Հայաստանը խնդրել է, սակայն համաձայնագիրը երկկողմ է»


Գրիգորի Կարասինը
Գրիգորի Կարասինը

Լուսանկարը` https://www.neweurope.eu/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանը նախատեսում է առաջիկա ամիսներին փաստաթղթեր ստորագրել շվեյցարական SGS ընկերության հետ, որը մոնիթորինգ կիրականացնի մաքսային վարչարարության եւ առեւտրի մոնիթորինգի մասին ռուս-վրացական համաձայնագրի շրջանակում:

Այդ մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«Մենք կփորձենք հնարավորինս արագ ավարտին հասցնել ներպետական գործընթացները, որպեսզի առաջիկա ամիսներին ստորագրենք անհրաժեշտ փաստաթղթերը, որից հետո համաձայնագիրն ուժի մեջ կմտնի»,- ասել է Կարասինը:

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորեւ.

- Արդյոք ճի՞շտ եմ հասկանում, որ այս համաձայնագրի իրականացման գլխավոր շահառուն լինելու է Հայաստանը: Այսինքն, Մոսկվան այս ամենն անում է ոչ այդքան իր համար, որքան Երեւանի խնդրանքով:

- Հայաստանի խնդրանքն իսկապես առկա է: Սակայն այս դեպքում խոսքը միայն  Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրված ռուս-վրացական համաձայնագրի մասին է: Այն երրորդ երկրների, այդ թվում՝ Աբխազիայի Հանրապետության եւ Հարավային Օսիայի Հանրապետության համար որեւէ պարտավորություն չի ներկայացնում:


Մեդիամաքսը նշում է, որ հունվարի 15-ին Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ասել էր.

«2011թ. ստորագրվել էր մաքսային մոնիթորինգի եւ վարչարարության մասին վրաց-ռուսական համաձայնագիրը եւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ փաստաթղթի կիրառման ընթացքում շվեյցարական չեզոք ընկերության հրավիրել: Բավական երկարատեւ նախապատրաստական փուլից հետո վրացական կողմը նախորդ տարվա դեկտեմբերին պայմանագիր ստորագրեց շվեցարացիների հետ: Այժմ ռուսական կողմի հերթն է ստորագրել նմանատիպ պայմանագիր, որից հետո պետք է սկսվի այս աննախադեպ նախագծի իրականացման փուլը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am