Սարգսյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը - Mediamax.am

7070 դիտում

Սարգսյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը «նոր հորիզոններ է բացում հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների համար»:

Այդ մասին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Սերժ Սարգսյանն ասել է հունվարի 23-ին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո արված հայտարարության մեջ:

 

«Մեր քննարկման կարեւոր թեմաներից էր 2017 թվականի նոյեմբերին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Դա իսկապես հավակնոտ, ուղենշային փաստաթուղթ է, որի կայացման հարցում մեծ է Ֆրանսիայի դերակատարումը: Մեկ անգամ եւս երախտագիտություն հայտնեցի Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ողջ գործընթացում Հայաստանի կողքին լինելու համար։ Ֆրանսիայի շարունակական աջակցությունն այս ուղղությամբ Հայաստանի համար իսկապես կարեւոր է», - ասել է Սերժ Սարգսյանը:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Նախագահ Մակրոնի հետ քննարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազում հարցեր, եւ գոհունակությամբ եմ ուզում նշել, որ կենսական բոլոր հարցերի շուրջ մեր տեսակետները գրեթե համընկնում են, մյուս հարցերում դրանք շատ մոտ են։ Ի դեպ, խոսքս վերաբերում է թե՛ երկկողմ, թե՛ միջազգային օրակարգին։ Մենք դավանում ենք նույն սկզբունքները եւ ապրում ենք նույն արժեհամակարգով», - նկատել է Հայաստանի ղեկավարը:

 

Սերժ Սարգսյանն ասել է, որ հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը, որը «կարեւոր իրադարձություն է մեր երկկողմ օրակարգում»։

 

«Մենք մեծ պատասխանատվությամբ ենք ընդունում այս գագաթնաժողովի հյուրընկալումը եւ ջանք չենք խնայելու դրա հաջողության համար։ Ուրախ եմ, որ նախագահ Մակրոնը վերահաստատեց իր մասնակցությունն այդ միջոցառմանը, ինչն առանցքային է գագաթնաժողովի հաջողության համար։ Նաեւ պարոն Մակրոնի հավանությունը ստացանք Ֆրանկոֆոնիայի շրջանակներում անցկացնելու ֆրանկոֆոն գործարարների համաժողով», - ասել է ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին