Ալան Դանքն. Բրիտանիան ողջունում է Հայաստան-ԵՄ կապերի խորացումը - Mediamax.am

exclusive
13777 դիտում

Ալան Դանքն. Բրիտանիան ողջունում է Հայաստան-ԵՄ կապերի խորացումը


Ալան Դանքնը
Ալան Դանքնը

Լուսանկարը` The British Yemeni Society


Երեւան: Մեդիամաքս: Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցով պետնախարար Ալան Դանքնը հոդված է գրել այսօր Բրյուսելում մեկնարկող ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի մասին, որը Հայաստանում հրապարակելու բացառիկ իրավունքը վերապահվել է Մեդիամաքսին:

Սըր Ալան Դանքնը գրել է.

 

«Այսօր Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի առաջնորդներն ու արտգործնախարարները կհավաքվեն Բրյուսելում Արեւելյան Գործընկերության գագաթաժողովին:

 

2009 թվականին Պրահայում կայացած Արեւելյան Գործընկերության առաջին գագաթաժողովից ի վեր շատ բան է տեղի ունեցել տարածաշրջանում: Անփոփոխ է մնացել եւ ավելի է  կարեւորվել միայն գործընկերության ուժը՝ որպես ժողովրդավարություն, բարեկեցություն, կայունություն եւ խորացված համագործակցություն կառուցելու ընդհանուր հանձնառության ազդանշան:

 

Այսօր մենք հավաքվում ենք Բրյուսելում, որպեսզի արձանագրենք առաջընթացը, համաձայնեցնենք ապագա առաջնահերթությունները եւ երաշխավորենք, որ տարածաշրջանում բարեփոխումների վճռական աշխատանքը շարունակվելու է: Միացյալ Թագավորությունը սրտանց աջակցում է Արեւելյան Գործընկերության կարեւորագույն աշխատանքներին: Մենք կշարունակենք աջակցել միասնական նպատակներին նաեւ մեր երկկողմ հարաբերությունների շրջանակներում:

 

Հայաստանում Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել կառավարության հավակնոտ բարեփոխումների ծրագրին: Քանի որ Հայաստանը պատրաստվում է անցում կատարել կիսանախագահականից դեպի խորհրդարանական ժողովրդավարություն, Բրիտանական դեսպանությունը ֆինանսավորում է մի ծրագիր, որը կբարձրացնի հայ խորհրդարանականների պատկերացումները խորհրդարանական ժողովրդավարության մեջ իրենց դերի մասին, այդ թվում՝ ընտրողների նկատմամբ հաշվետվողականությունը եւ կառավարության աշխատանքի արդյունավետ վերահսկումը:

 

2017 թ. սեպտեմբերին Հայաստան կատարած այցիս ընթացքում ես հայտարարեցի, որ 2018 թվականից Հայաստանը միջոցներ կստանա նոր հիմնադրամից ՝ կառավարման համակարգի եւ տնտեսական բարեփոխումներին աջակցելու նպատակով: Ուրախ եմ, որ այդ ծրագրերն ընթանում են ըստ ժամանակացույցի, եւ մեր Լավ կառավարման հիմնադրամը (Good Governance Fund) կօգնի իրագործել ծրագրեր՝  Հայաստանում բարեփոխումներն ամրապնդելու նպատակով:

 

Միացյալ Թագավորության վարչապետի որոշումը խորհրդարանի անդամ Մարկ Պրիթչարդին Հայաստանում Առեւտրի եւ ներդրումային հարցերով բանագնաց նշանակելու մասին արտացոլում է Միացյալ Թագավորության հանձնառությունը ամրապնդել մեր երկու երկրների միջեւ առեւտրային եւ ներդրումային կապերը:

 

Միացյալ Թագավորությունն ուրախ է, որ Հայաստանն ամրապնդում եւ խորացնում է կապերը Եվրոպական Միության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ:

 

Այսօրվա գագաթաժողովում Միացյալ Թագավորությունը հստակ կարտահայտի մեր վճռական աջակցությունը Արեւելյան գործընկերության նախաձեռնությանը: Դա այդպես է այսօր եւ այդպես կլինի ապագայում: Թեեւ Միացյալ Թագավորությունը լքում է ԵՄ-ն, Արեւելյան հարեւանության մեր ընդհանուր նպատակներն ու առաջնահերթությունները չեն փոխվի, եւ մենք կշարունակենք աշխատել Եվրոպայում մեր դաշնակիցների եւ ընկերների հետ `այդ նպատակներին հասնելու համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին