Հայաստանն ու Իրանը լավատես են համատեղ հեռանկարների առումով - Mediamax.am

12590 դիտում

Հայաստանն ու Իրանը լավատես են համատեղ հեռանկարների առումով


Կարեն Կարապետյանը եւ Էսհաղ Ջահանգիրին
Կարեն Կարապետյանը եւ Էսհաղ Ջահանգիրին

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին ասել է, որ հարեւան երկրների հետ վարվող արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանն ունի իր հատուկ տեղը:

Այս մասին Էսհաղ Ջահանգիրին հայտարարել է Թեհրանում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման արդյունքներով:

 

«Մենք Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական եւ մշակութային բնագավառներում համագործակցության համար որեւէ սահմանափակում չունենք, եւ Հայաստանի մեծարգո վարչապետի այցը այս հարաբերությունների զարգացման տեսակետից կարող է հատուկ դեր ունենալ: Առանձնազրույցի ու ընդլայնված կազմով բանակցությունների ընթացքում քննարկվեցին հարցեր, որոնք կապահովեն երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացումը»,- նշել է Իրանի առաջին փոխնախագահը:

 

Նրա խոսքով՝ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ եւ լավ հարաբերություններ ունենալով Եվրոպական միության հետ, կարող է լավ հարթակ լինել:

 

«Պարսից ծոցից Սեւ ծով անցնող տրանսպորտային միջանցքներից մեկը կարող է լինել Հայաստանը: Էլեկտրաէներգիայի եւ գազի փոխանակման ծրագրի շրջանակում ունենք երրորդ բարձրավոլտ գծի շինարարությունը, ինչպես նաեւ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են խթան հանդիսանալ համագործակցության զարգացման համար: Կարծում եմ, որ մասնավոր հատվածի մեր ներկայացուցիչները կարող են օգտվել ստեղծվող պայմաններից, երկու երկրներում ազատ տնտեսական գոտիների առկայությունը նույնպես կարող է գործարար շրջանակների համագործակցության զարգացման խթան հանդիսանալ»,- ասել է Էսհաղ Ջահանգիրին:

 

Կարեն Կարապետյանն էլ հայտարարել է, որ «բարեկամ պետություն են եկել շատ լավ տրամադրությամբ»:

 

«Ունեցել ենք շատ կառուցողական եւ առարկայական հանդիպումներ: Ամրագրել ենք, որ շահագրգռված ենք իրանական բիզնեսի, կապիտալի՝ Հայաստան ներգրավվելու հարցում, այն արտոնյալ ռեժիմները, որ ունի Հայաստանը՝ պատրաստ ենք բաց տրամադրել մեր իրանական գործընկերներին, երկկողմ հաստատել ենք, որ պատրաստակամ ենք մեծացնել հայ-իրանական հարաբերությունների ծավալները եւ հաստատակամ ենք վերացնել այդ ճանապարհին առաջացած խոչընդոտները, խոսել ենք տարածաշրջանային հնարավոր համագործակցության մասին»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:

 

«Շատ լավ տրամադրությամբ ենք դուրս եկել բանակցություններից եւ շատ լավատես ենք հեռանկարների առումով»,- հավելել է ՀՀ կառավարության ղեկավարը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին