Բեռլինը վերանայում է Անկարայի հետ հարաբերությունները - Mediamax.am

19279 դիտում

Բեռլինը վերանայում է Անկարայի հետ հարաբերությունները


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Բեռլինը որոշել է վերջին իրադարձություններին ֆոնին վերանայել Անկարայի հետ իր քաղաքականությունը, այդ թվում՝ ներդրումային համագործակցությունը:

«Չի կարելի խորհուրդ տալ ներդրումներ կատարել մի երկրում, որտեղ անվտանգություն չկա եւ որում հավասար են դասվում ձեռնարկություններն ու ահաբեկիչները: Ես չեմ հասկանում, թե ինչպես Գերմանիայի կառավարությունը կարող է երաշխավորել Թուրքիայում գերմանական ներդրումները, երբ նրանց կարող են սպառնալ քաղաքական դրդապատճառներով ընդունված որոշումները»,- Tass.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Զիգմար Գաբրիելը:

 

Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է, որ ներկա իրավիճակում այլեւս անհնար է շարունակել բանակցությունները Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ մաքսային միության ստեղծման վերաբերյալ:

 

«Ես չեմ կարող պատկերացնել ԵՄ մաքսային միության ընդլայնման շուրջ բանակցությունները, այն դեպքում, երբ Թուրքիայում առանց որեւէ հիմնավորման ձերբակալում են ԵՄ երկրների քաղաքացիներին»,- ասել է Զիգմար Գաբրիելը՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին մտադիր է քննարկել Անկարայի հետ հարաբերությունները եվրոպական երկրների իր գործընկերների հետ:

 

Բացի այդ, Գերմանիայի իշխանությունները որոշում են ընդունել խստացնել վերահսկողությունն իրենց քաղաքացիների՝ Թուրքիա այցելությունների հարցում:

 

Նախարարի խոսքով՝ «Գերմանիայի յուրաքանչյուր քաղաքացի Թուրքիայում կարող է զոհ դառնալ»:

 

Մեդիամաքսը նշում է, որ երկու երկրների հարաբերություններն առավել սրվեցին այս շաբաթ, երբ Թուրքիայում ահաբեկիչների հետ համագործակցելու մեղադրանքով ձերբակալվեցին վեց իրավապաշտպաններ, այդ թվում՝ գերմանացի Պետեր Շտոյդտները: Բացի այդ, Անկարան մեղադրեց գերմանական Daimler եւ BASF ընկերություններին՝ Գյուլենական շարժմանն աջակցելու մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին