Դիվանագիտությունը՝ 140 նիշով - Mediamax.am

exclusive
2859 դիտում

Դիվանագիտությունը՝ 140 նիշով


Լուսանկարը` http://www.youthunitedpress.com/


Ավանդական դիվանագիտության գործիքակազմում վերջին տարիներին իր ուրույն տեղն է զբաղեցրել Թվային դիվանագիտությունը (Digital Diplomacy), որը հայտնի է նաեւ e-diplomacy, twiplomacy անվանումներով:

 

Հայաստանը եւս հետեւում է ժամանակակից միտումներին` ընդլայնելով իր ներկայությունը սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ Թվիթերում: Ավելին՝ 2015թ. մայիսին ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցը նախաձեռնել է անցկացնել միջազգային համաժողով՝ նվիրված Թվային դիվանագիտությանը:

 

Մեդիամաքս-ը որոշեց ներկայացնել Թվային դիվանագիտության հայաստանյան եւ միջազգային պատկերը:

 

«Թվիթերի 140 նիշը փոխեց մեր աշխարհընկալումը, արտաքին քաղաքականության ձեւավորման գործընթացը եւ միջազգային նոր մարտահրավերներին արտաքին քաղաքական գերատեսչությունների արձագանքելու ձեւը»,- նշում են «Թվիթերը դիվանագետների համար» (Twitter for Diplomats) գրքի հեղինակները:

 

«Հայաստանը գրեթե բացակայում է արտաքին լրատվական դաշտում, իսկ ներկայության դեպքում էլ հանդես է գալիս որպես պասիվ սուբյեկտ, որի մասին ուրիշներն են խոսում միմյանց հետ»,- նշում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա համոզմամբ՝ Թվիթերի հարթակն այսօր հիմնականում օգտագործում են Հայաստանի եւ Արցախի դիվանագետները, իսկ լրատվական կայքերի կողմից տեղեկատվության ավտոմատացված տարածումը հանգեցնում է նրան, որ Հայաստանից դուրս գնացող լրատվական հոսքեր գրեթե չեն ձեւավորվում։

 

Twiplomacy կայքը, որը հետազոտում է Թվիթերի օգտագործումը գրեթե բոլոր պետությունների ղեկավարների եւ միջազգային կազմակերպությունների կողմից, վերլուծել է նաեւ հայաստանյան պատկերը:

 

«Հայաստանի ղեկավարությունը մուտք գործեց Թվիթեր՝ բացելով եռալեզու մի քանի պաշտոնական էջ, որոնցից շատերն այսօր կա՛մ ակտիվ չեն, կա՛մ պաշտպանված են: Մասնավորապես, ՀՀ նախագահի աշխատակազմը բացել էր 3 էջ՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, սակայն ունենալով ընդամենը 19 թվիթ` այն անցած տարվա նոյեմբերից չի օգտագործվում»,- նշում են Twiplomacy-ի հետազոտողները:   

 

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեզ հետ զրույցում նշում է, որ «սոցցանցերի դերը հնարավոր չէ անտեսել»։

 

«Կարծիք կա, որ սոցցանցերում էջեր պահելը տուրք է նորաձեւությանը: Ես այդպես չեմ կարծում՝ սոցցանցերում աշխատանքը անհրաժեշտություն է, ինչպես նամակ եւ հայտագիր գրելը, հայտարարություններով հանդես գալը»,- ասում է նա:

 

Տիգրան Բալայանը պատմում է, որ ներկայում ԱԳՆ-ն պաշտոնական եւ անձնական օգտահաշիվներով Ֆեյսբուքում եւ Թվիթերում ունի համապատասխանաբար 7000 եւ 4000 հետեւող: «Կարեւոր առանձնահատկությունն այն է, որ մենք փորձում ենք տեղեկությունը հնարավորինս հետաքրքիր դարձնել՝  լսարանն ընդլայնելու համար»,- ասում է նա:

 

Տիգրան Բալայանը

Լուսանկարը՝  ՀՀ Արտաքին գործորի մամուլի ծառայություն

 

«Սոցցանցերի էջերի տեղեկատվությունը պետք է տարբերվի պաշտոնական կայքից, այն պետք է առավել դինամիկ եւ ինտերակտիվ լինի։ Լայնորեն օգտագործում ենք սոցցանցերը արտակարգ իրավիճակներում՝ հրատապ տեղեկատվության տարածման նպատակով: Այդ հարթակը ծառայում է նաեւ որպես յուրատեսակ ընդունարան, որտեղ քաղաքացիները դիմում են ամենատարբեր հարցերով», - ասում է Տիգրան Բալայանը: 

 

Twiplomacy կայքի տվյալներով` Հայաստանում իսկապես բավական ակտիվ են ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը (@TBalayan) եւ լրատվության վարչության ղեկավար Տիգրան Մկրտչյանը (@TMkrtchyan): Ինչ վերաբերում է ԱԳՆ-ի թվիթերյան ակտիվությանը, ապա կարելի է վերհիշել մի ուշագրավ դեպք, երբ գերատեսչությունը Թվիթերի միջոցով «վիրտուալ վեճի» մեջ էր մտել Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտի հետ:

 

ԱԳՆ մամուլի խոսնակի համոզմամբ՝ ինչպես դասական, այնպես էլ Թվային դիվանագիտության մեջ պետք է բարձր լինի պատասխանատվության զգացումը, քանի որ ցանկացած ոչ հստակ ձեւակերպում կարող է սխալ մեկնաբանվել:

 

«Ընդամենը 140 նիշ պարունակող գրառումը շատ լուրջ ազդեցություն եւ հետեւանքներ կարող է ունենալ միջպետական կամ միջազգային հարաբերությունների վրա», - նկատում է ԱԳՆ մամլո խոսնակը:

 

ՀՀ արտգործնախարարության կողմից ամենաշատ օգտագործվող հեշթեգերն են՝ #ArmenianGenocide-ը եւ #April24-ը:

 

Թվիթերում բավական ակտիվ է նաեւ ԼՂՀ-ի արտգործնախարարությունը, որն ունի ավելի քան 1000 հետեւող: Թվիթերում եւ Ֆեյսբուքում գրանցված է նաեւ ԼՂՀ ներկայացուցչությունը Ֆրանսիայում:  

 

****

 

Թվիթերում անձնական էջ ունի 131 երկրի առաջնորդ: Twiplomacy Study 2014-ի համաձայն՝ վերջիններս միասին վերցված 2.2 միլիոն թվիթ են արել եւ ունեն 175 միլիոն հետեւող:

 

E-diplomacy Index Countries-ը ներառում է վերոնշյալ երկրների ղեկավարների, դիվանագիտական ներկայացուցչությունների եւ պետական հաստատությունների թվիթերյան էջերի տվյալները:

 

Ցանկի առաջատարը Միացյալ Նահանգներն են, որն իր միավորներով երեք անգամ գերազանցում է երկրորդ տեղում հանգրվանած Թուրքիային: Ցանկի՝ համաշխարհային առաջնորդների բաժնի առաջատարը կրկին ԱՄՆ-ն է՝ ի դեմս նախագահ Բարաք Օբամայի, որը 2007թ. Թվիթերում գրանցվելուց ի վեր ունի 50 միլիոնից ավելի հետեւող:

 

Երկրորդ եւ երրորդ տեղերում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ համապատասխանաբար 16 եւ 7 միլիոն հետեւողներով: Լավագույն տասնյակում են նաեւ Թուրքիայի նախկին եւ ներկա նախագահները՝ Աբդուլահ Գյուլը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 

Հայաստանում իր առաքելությունն ավարտած ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Մեդիամաքս-ի հետ զրույցում պատմել է, որ սկզբում չէր ցանկանում Թվիթերում գրանցվել, քանի որ «տեխնիկայից լավ գլուխ չի հանում», սակայն դեսպանատան երիտասարդ աշխատակիցներից մեկն իրեն «բերեց-հասցրեց 21-րդ դար», եւ այժմ ինքն արդյունքներից շատ գոհ է:

 

«Թվիթերյան գրառումներում անդրադառնում եմ տարբեր հարցերի՝ արտաքին քաղաքականությունից մինչեւ գրասենյակիս պատուհանից բացվող տեսարանը»,- ասել է դիվանագետը:

 

Նրա խոսքով՝ այսօր ամերիկյան դիվանագիտության զգալի մասը կազմում է հանրային դիվանագիտությունը, իսկ սոցցանցերը դարձել են հանրության հետ կապի ապահովման կարեւոր գործիքներ:

 

Ջոն Հեֆերնը

Լուսանկարը՝ Photolure

 

«Թվիթերն ինձ շատ է օգնել թե՛ Միացյալ Նահանգների քաղաքականությունը հայ ժողովրդին ներկայացնելու, թե՛ հայ ժողովրդի օգնությամբ Հայաստանը հասկանալու հարցում: Ինձ առանց Թվիթերի այլեւս չեմ պատկերացնում»,- ասում է Ջոն Հեֆերնը:

 

Գնահատելով սոցցանցերի դերը դիվանագիտական պրակտիկայում` դիվանագետը հորդորում է չմոռանալ նաեւ դեմ առ դեմ շփումների մասին:

 

«Կարեւոր է հիշել, որ Թվիթերի շնորհիվ չէ, որ ժողովրդավարություն կա, այլ Թվիթերը կա, քանի որ կա ժողովրդավարություն»,- նկատել է Ջոն Հեֆերնը:

 

Նրա համոզմամբ՝ այսօր երիտասարդ սերունդն ավելի քան երբեւէ պահանջում է տեղեկատվության հասանելիություն: «Կարծում եմ, առանձին պետություններում՝ Միջին Արեւելքից մինչեւ Հոնկոնգ, Ուկրաինայից մինչեւ Բուրկինա Ֆասո, այս պահանջներից բխող հետեւանքներն ավելի ու ավելի տեսանելի են դառնում»,- ասում է Ջոն Հեֆերնը:

 

Ուշագրավ է, որ Թվիթերում ամենաշփվող (քաղաքացիների հարցերին եւ նկատառումներին պատասխանող) առաջնորդներն են Ռուանդայի, Էկվադորի նախագահները եւ Նորվեգիայի վարչապետը: Ինչ վերաբերում է ամենաակտիվ առաջնորդներին, ապա նրանք հիմնականում լատինաամերիկյան պետությունների ղեկավարներն են. առաջատարը Մեքսիկայի իշխանություններն են: 

 

Հայաստանում Մեքսիկայի դեսպան Ռուբեն Ալբերտո Բելտրան Գեռերոն 2012թ-ից Թվիթերի ակտիվ օգտատեր է եւ համարում է, որ այն դիվանագիտության ու արտաքին քաղաքականության հիմնական գործիքներից է:

 

«Այն թույլ է տալիս ավելի անմիջականորեն շփվել հասարակության հետ: Օրինակ, այն թույլ է տալիս ժամանակին տեղեկացնել Մեքսիկայի հանրությանը՝ ցանկացած հարցի կամ արտակարգ իրավիճակի մասին»,- ասում է դեսպանը՝ հավելելով, որ սոցցանցերը մեծ ներուժ ունեն նաեւ զբոսաշրջության, մշակույթի ու առեւտրի խթանման հարցում:

 

Մեքսիկայի նախագահի աշխատակազմի թվիթերյան էջը, Twiplomacy կայքի վերլուծության համաձայն, օրական 78 թվիթով դարձել է աշխարհի ամենաակտիվը, իսկ նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն աշխարհում ամենաշատ հետեւողներ ունեցող 12-րդ նախագահն է: 

 

Դեսպան Բելտրանի խոսքով՝ Մեքսիկայի ԱԳՆ-ն եւ կառավարությունը հորդորում են պետծառայողներին ունենալ սեփական էջերը Թվիթերում եւ սոցիալական շփման մյուս հարթակներում:

 

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Հայաստանում Մեքսիկայի դեսպան Ռուբեն Ալբերտո Բելտրան Գեռռերոնը

Լուսանկարը՝ Twitter

 

«Սոցցանցերի օգտագործման ակնհայտ առավելություններից մեկն արագությունն է, սակայն այն միաժամանակ կարող է որպես թերություն դիտարկվել, քանի որ ապատեղեկատվությունը կարող է շատ արագ տարածվել: Թվիթերը հարմար է օգտագործել որպես տեղեկատվության սկզբնաղբյուր, սակայն բնական է, որ այն պետք է ստուգվի նաեւ այլ աղբյուրների միջոցով»,- ասում է դեսպան Բելտրանը: 

 

Միեւնույն ժամանակ, Մեքսիկացի դիվանագետը չի կարծում, որ համացանցային դիվանագիտությունը փոխարինում է ավանդականին. այն պարզապես հնարավորություն է տալիս հանրության ներկայացուցիչներին ավելի հստակ պատկերացում կազմել արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության մասին:

 

Արամ Արարատյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին