«Բաց երկինքը» կարեւոր է Հայաստանի տնտեսական զարգացման համար, ասել է ԱՄՆ դեսպանը - Mediamax.am

exclusive
5008 դիտում

«Բաց երկինքը» կարեւոր է Հայաստանի տնտեսական զարգացման համար, ասել է ԱՄՆ դեսպանը


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ասել է, որ «հաշվի առնելով դեպի ծով ելքի բացակայությունը եւ փակ սահմանների փաստը, Հայաստանը պետք է մարդկանց ու ապրանքների ելքի ու մուտքի ծավալների բարելավելմանը միտված քայլեր ձեռնարկի»:

Այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով Միացյալ Նահանգների դիրքորոշումը Հայաստանի որդեգրած «Բաց երկնքի» քաղաքականությանը, որը ենթադրում է ավիացիոն փոխադրումների ոլորտի ամբողջական ազատականացում:

 

««Բաց երկնքի» քաղաքականությունը կարեւոր է Հայաստանի տնտեսական զարգացման համար: Այն ենթադրում է ավելի շատ ավիաուղիներ, ավելի շատ չվերթներ, ավելի շատ զբոսաշրջիկներ, ավելի շատ գործարարներ: Երբ մի տեղ հասնելը դժվար է, իսկ գները թանկ են, ապա ճանապարհորդներն ու գործարարները պարզապես չեն այցելում այնտեղ», - նշել է ԱՄՆ դեսպանը:

 

Նա ասել է, որ ՀՀ կառավարության կողմից քաղաքացիական ավիացիայի ազատականացման մասին ռազմավարական որոշման արդյունքներն արդեն տեսանելի են:

 

Ջոն Հեֆերնը ասել է, որ «բաց երկնքի» քաղաքականության որդեգրումից հետո 13 նոր ավիաընկերություններ են սկսել չվերթներ իրականացնել դեպի Երեւան, իսկ ուղեւորափոխադրումներն ավելացել են 25 տոկոսով: 

 

«Որոշ ուղղություններով չվերթներն ավելի շատ են, մյուսներով` ավելի քիչ, սակայն գների ընդհանուր նվազում է նկատվում»,- նշել է ԱՄՆ դեսպանը:

 

Նա նաեւ հավելել է, որ ԱՄՆ դեսպանությունը Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) միջոցով շարունակում է աջակցություն տրամադրել ՀՀ կառավարությանը` «Բաց երկնքի» քաղաքականության իրականացման հարցում, իսկ աջակցության կոնկրետ ուղղությունները կախված են կառավարության տվյալ պահի պահանջներից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին