«Ժառանգություն». խախտումները ստվերեցին ընտրությունների լեգիտիմությունը - Mediamax.am

110901 դիտում

«Ժառանգություն». խախտումները ստվերեցին ընտրությունների լեգիտիմությունը


Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: «Ժառանգություն» կուսակցությունն այսօր հրապարակել է իր մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական գնահատականը:

««Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբն արձանագրում է, որ ս.թ. մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մթագնված են բազմաթիվ ընտրախախտումներով:

 

Այսպես` ընտրակաշառքների եւ կեղծ բարեգործությունների ծավալները հասան աղաղակող չափերի, որոնք ՀՀ պատմության մեջ առաջին անգամ աննախադեպ բարձր ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա:

 

Իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների օգտագործումն անհավասար պայմաններ ստեղծեց ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերի համար: Այս համատեքստում պետք է դիտարկել նաեւ Հայաստանի որոշ համայնքներում եւ անգամ մարզերում վախի մթնոլորտի ձեւավորումը ՏԻՄ ղեկավարների, ինչպեսեւ որոշ մարզպետների կողմից:

 

Մեծ էին այնպիսի ընտրախախտման ծավալները, ինչպիսին է մարզերից զանգվածաբար բերված ընտրողների ժամանակավոր գրանցումը երեւանյան տների եւ բնակարանների հասցեներում, հաճախ` առանց այդ բնակարանների սեփականատերերի տեղեկացման: Արդյունքում Երեւանի ընտրատարածքներում  մեծամասնական ընտրակարգով պատգամավորների ընտրության վրա էական ազդեցություն ունեցան այդ ընտրատարածքում մշտապես չբնակվող մարդիկ, ինչն իշխանության կողմից իր իսկ պաշտպանած մեծամասնական ընտրակարգի տրամաբանության եւ փիլիսոփայության համատարած ոտնահարում էր:

Հիմնավոր կասկածներ կան, որ ոստիկանության անձնագրային բաժանմունքների` մշտական եւ «լրացուցիչ» ցուցակների հետ իրականացրած մանիպուլյացիաներն այդ ընտրողներին հնարավորություն տվեցին կրկնակի մասնակցել ընտրությանը, որն էլ առավոտյան ժամերին շատ ընտրատեղամասերում աննախադեպ հերթերի գոյացման պատճառն էր: Կարծում ենք` նույն ընտրախախտման ապահովման էր միտված ընդամենը 1-2 ժամ տեւած այնպիսի մի «մանրուք», ինչպիսին էր քաղաքացիների անձնագրերում դրոշմակնիքների համար նախատեսված թանաքի անհետացումը հաշվված րոպեների ընթացքում, ինչի կապակցությամբ նույն օրը` մայիսի 6-ին, «Ժառանգության» նախընտրական շտաբը ստիպված էր հանդես գալ հատուկ հայտարարությամբ:

 

Մենք նաեւ մտահոգություն ենք հայտնում տարբեր գույնի գրիչներով քվեարկության առնչությամբ, ինչը, ըստ որոշ ընտրական հանձնաժողովների, Ընտրական օրենսգրքի խախտում չէ, մինչդեռ ընտրության գաղտնիության ակնհայտ խախտում հանդիսացավ:

 

Ու թեեւ ընտրատեղամասերում ընտրական գործընթացի բուն ընթացքը, այդ թվում` քվեաթերթիկների հաշվարկը, ինչպեսեւ նախընտրական քարոզչության ընթացքում հեռուստաեթերի օգտագործման համեմատաբար հավասար պայմանների ապահովումը կարելի է գնահատել որպես առաջընթաց նախորդ բոլոր ընտրությունների համեմատ, այդուհանդերձ, ընտրատեղամասերից դուրս իրականացված վերոնշյալ զանգվածային ընտրախախտումները ստվերեցին ընտրությունների օրինականությունն ու լեգիտիմությունը:

 

Ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» ներկայացուցիչներից ստացված արձանագրությունների արդյունքները ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների հետ համեմատելուց, ինչպեսեւ ընտրախախտումների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը համակարգելուց ու վերլուծելուց հետո մենք վերջնական գնահատական կտանք թե´ պաշտոնական արդյունքների ու տեղամասերում գրանցված տվյալների համապատասխանությանը եւ թե´ մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրություններին ընդհանրապես», - ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին