Փաշինյան. «Բազմաթիվ բուհեր հոգեվարքի մեջ են» - Mediamax.am

1291 դիտում

Փաշինյան. «Բազմաթիվ բուհեր հոգեվարքի մեջ են»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր համոզմունք է հայտնել, որ ՀՀ կրթության մինչեւ 2030թ.-ը զարգացման պետական ծրագրի փաստաթղթի բարեհաջող իրագործումը երաշխավորելու է Հայաստանի ապագան:

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ նա հիշեցրել է, որ հուլիսի 28-ին կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կրթության մինչեւ 2030թ.-ը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագծին, որը պետք է քննարկվի եւ վերջնական տեսք ստանա Ազգային ժողովում:

 

«Ծրագրի մեջ նախանշված են մեր միջնաժամկետ անելիքները նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության եւ ուսուցման, բարձրագույն եւ հետբուհական կրթության բնագավառներում: Համոզմունքս է, որ այդ փաստաթղթի բարեհաջող իրագործումը երաշխավորելու է Հայաստանի ապագան:

 

Այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ մանկապարտեզներում, նախակրթարաններում ու դպրոցներում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից: Մասնագիտական կրթության եւ ուսուցման բնագավառի հաստատությունները միշտ չէ, որ հասանելի են սովորողներին, եւ միշտ չէ, որ ապահովում են պատշաճ մասնագիտական որակավորում: Դրա պատճառով մենք մի կողմից ունենք գործազրկություն, մյուս կողմից գնալով ավելի ու ավելի բարձր են հնչում երկրում որակավորված աշխատուժի բացակայության մասին պնդումները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ «երկրում չեն գործում բուհական պատշաճ չափանիշներ»:

 

«Բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն: Սրա հետեւանքով ավելի ու ավելի հաճախ են լսվում տարակուսած բողոքներ, թե մարդիկ բարձրագույն կրթության, երբեմն երկու դիպլոմով, ի վիճակի չեն աշխատանք գտնել եւ մատնված են աղքատության: Այս իրավիճակն այլեւս հանդուրժելի չէ, քանի որ գոյություն ունի ապագայի հաշվին եւ ական է մեր ապագայի տակ: Ըստ այդմ՝ կրթության ոլորտում մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա նաեւ նշել է, որ «չեն կարող հանդուրժել ուսուցիչներին եւ դաստիարակներին վճարվող ծիծաղելի աշխատավարձերը» եւ դրանք եռապատկելու գործընթաց է մեկնարկել, որը պետք է զուգակցվի ուսուցչի կամավոր ատեստավորմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին