Կամավոր ատեստավորված ուսուցչի աշխատավարձը կարող է հասնել 400 000 դրամի - Mediamax.am

2236 դիտում

Կամավոր ատեստավորված ուսուցչի աշխատավարձը կարող է հասնել 400 000 դրամի


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի եւ դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձեւավորման կարգը» հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը:

Նախագծով ներկայացվել է արդյունքի վրա հիմնված ուսուցիչների կամավոր ատեստավորման նոր կարգը, որը հնարավորություն կտա բարեփոխելու ուսուցիչների ատեստավորման ներկայիս համակարգը եւ նպաստելու հավելավճարի տեսքով աշխատավարձի բարելավմանը, ինչպես նաեւ բացահայտելու եւ խրախուսելու որակյալ ուսուցիչներին ու ապահովելու նոր ուսուցիչների մուտքը դպրոց՝ առաջարկելով նրանց մրցակցային աշխատավարձ:

 

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխության համաձայն՝ նախագծով ներկայացվել է կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի ցուցաբերած համապատասխան արդյունքի հիմքով վերջինիս դրույքաչափի փոփոխությունը եւ հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանումը, համաձայն որի՝ կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը 200 000 դրամ կսահմանվի, որի նկատմամբ կկիրառվի տրամադրվող հավելավճարը: Ըստ այդմ՝ դրույքաչափի փոփոխության, դրա նկատմամբ ավելացող հավելավճարի, ինչպես նաեւ տարակարգ ստանալու պարագայում ուսուցչի աշխատավարձը կարող է հասնել մինչեւ 400 000 դրամի:

 

Համաձայն նախագծի՝ մեկից ավելի առարկաներ դասավանդող ուսուցիչը ատեստավորման կարող է մասնակցել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ: Նմանօրինակ դեպքում ատեստավորման արդյունքում ուսուցիչը հավելավճար է ստանում ուսուցչի ամբողջ աշխատավարձի համապատասխան տոկոսի չափով՝ անկախ նրանից, թե որ առարկայից է ատեստավորվել: Աշխատավարձի հաշվարկը չի ներառում հավելավճարներն ու լրավճարները։ Ատեստավորումն անցած ուսուցիչներին հավելավճար տրվում է 5 տարի ժամկետով։

 

Հաշվի առնելով այն, որ կամավոր ատեստավորումն ուսուցչի առարկայական իմացության աստիճանն է արձանագրում, հետեւաբար ուսումնական հաստատության փոփոխության դեպքում սահմանված դրույքաչափը կամ հավելավճարի տրամադրումը կպահպանվի։

 

Ատեստավորման արդյունքներ.

 

1. 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորումն անցած, ստանում են հավելավճար՝ 50 տոկոսի չափով:

 

2. 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորումն անցած, ստանում են հավելավճար՝ 40 տոկոսի չափով:

 

3. 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորումն անցած, ստանում են հավելավճար՝ 30 տոկոսի չափով:

 

4. 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորումն անցած, աշխատավարձը պահպանվում է:

 

5. 0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը ենթակա է պարտադիր վերաատեստավորման մեկ տարի անց: Այս դեպքում ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է առարկայական պարտադիր վերապատրաստում: Երկրորդ տարում վերաատեստավորումը չանցած ուսուցչի դասավանդման իրավունքը կասեցվում է մինչեւ իր հայեցողությամբ հաջորդ վերապատրաստմանը մասնակցելը եւ վերաատեստավորման դրական արդյունք ունենալը՝ համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համապատասխան կետի:

 

2-4-րդ կետերով սահմանված արդյունքի դեպքում ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ երկրորդ անգամ դիմել եւ մասնակցել ատեստավորման գործընթացին: Նախորդ մասնակցության համեմատ ավելի բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչը հավելավճար է ստանում վերջին արդյունքի հիման վրա, որի համար սահմանվում է հավելավճար ստանալու հնգամյա նոր ժամկետ: Նախորդ մասնակցության համեմատ ավելի ցածր արդյունք ցուցաբերելու դեպքում հավելավճարը պահպանվում է արդեն սահմանված ժամկետով:

 

Համատեղությամբ աշխատող ուսուցիչն ատեստավորվում է հիմնական աշխատավայրում իր կողմից դասավանդվող առարկայից: Հավելավճարը տրամադրվում է միայն հիմնական աշխատավայրում: Մեկից ավելի առարկաներ դասավանդող ուսուցիչը 0-59 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում վերաատեստավորվում է նույն առարկայից:

 

Նախագծով ներկայացված են նաեւ կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման այլ մանրամասներ։ Մասնավորապես կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար ուսուցիչները հայտերը կարող են ներկայացնել «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի էլեկտրոնային մատյանում (emis.am): Ատեստավորման արդյունքները կտրամադրվեն ծածկագրերի հիման վրա։ Էապես կվերանայվեն նաեւ այլ գործընթացներ։

 

Քաղաքացիները եւ շահառու խմբերը մինչեւ մարտի 19-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին