Կրթության զարգացման ծրագրի նախագիծը քննարկվել է ռեկտորների հետ - Mediamax.am

1069 դիտում

Կրթության զարգացման ծրագրի նախագիծը քննարկվել է ռեկտորների հետ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ռեկտորների խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են հանրային քննարկման ներկայացված 2022-2023 ուստարվա համար բուհերին հատկացվող ընդունելության անվճար տեղերի եւ ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրի› նախագծերը:

 

Անդրադառնալով ըստ մասնագիտությունների պետպատվերի տեղերի բաշխման հարցին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ պետք է վերանայել պետական պատվերի քաղաքականությունը եւ հստակեցնել դրա հատկացման նպատակն ու ուղղությունները: Նրա խոսքով՝ այս հարցում էական են երկու շահագրգիռ կառույցների՝ Էկոնոմիկայի եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների առաջարկները:

 

Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ բուհերից ստացվել են համապատասխան առաջարկներ, որի արդյունքում այս տարի նախատեսվել է ավելացնել բակալավրի կրթական ծրագրով ընդունելության համար նախատեսվող անվճար տեղերի թիվը: Ավելացված տեղերը հատկացվելու են նագիտամաթեմատիկական, ճարտարագիտական եւ տեխնոլոգիական (STEM) ոլորտի մասնագիտություններին՝ հաշվի առնելով դրանց կարեւորությունը պետության տնտեսության զարգացման համար։

 

Անդրադառնալով ‹‹ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրի› նախագծին՝ Կարեն Թռչունյանը ներկայացրել է բարձրագույն կրթության ոլորտում առաջարկվող հիմնական ռազմավարական ուղղությունները:

Փոխնախարարի խոսքով՝ ծրագրում ամրագրվել է, որ պետական եւ ոչ պետական բուհերը պետք է գործեն մրցակցային նույն դաշտում: Երկրորդ ուղղությունն այն է, որ պետք է մշակվեն համապատասխան բուհական ստանդարտներ, այդ թվում՝ ըստ մասնագիտությունների, եւ այս առումով պետության կողմից բոլոր բուհերը պետք է ունենան նույն մոտեցումը:

 

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՀՀ բուհերը պետք է առնվազն գրանցվեն հայտնի ռեյտինգային համակարգերում, որտեղ սահմանված են հստակ միջազգային չափանիշներ: Նա նաեւ կարեւորել է դասախոսների համալրման մեխանիզմների մշակումը, ինչպես նաեւ այն խնդիրը, որ ամեն բուհ հնարավորություն չունենա տրամադրելու երրորդ մակարդակի կրթություն: Այս հարցում, ըստ Կարեն Թռչունյանի, պետությունը կսահմանի հստակ ու խիստ չափանիշներ:

 

«Ծրագրում սահմանել ենք նաեւ հավակնոտ թիրախներ, այն է՝ մինչեւ 2030 թվականն առնվազն չորս բուհ ընդգրկված լինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ, ինչպես նաեւ բուհական համակարգում բոլոր մասնագիտություններով կրկնապատկվի օտարերկրյա ուսանողների քանակը»,- նշել է Կարեն Թռչունյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին