ՅՈՒՆԻՍԵՖ. Կրթությանը հասցված վնասի ծավալները «գրեթե անհաղթահարելի են» - Mediamax.am

700 դիտում

ՅՈՒՆԻՍԵՖ. Կրթությանը հասցված վնասի ծավալները «գրեթե անհաղթահարելի են»


Լուսանկարը` Reuters


Երեւան։ Մեդիամաքս։ COVID-19 համավարակի երկրորդ տարվա սահմանագծին ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակել է երեխաների կրթության վրա համավարակի ազդեցության վերաբերյալ վերջին տվյալները։

Դրանց համաձայն, ավելի քան 635 միլիոն սովորող դեռեւս տուժում է դպրոցների լրիվ կամ մասնակի փակ լինելու պատճառով:

 

Երեխաները կորցրել են թվաբանության եւ տառաճանաչության հիմնական հմտությունները: Միլիոնավոր երեխաներ զգալի ծավալներով բաց են թողել ակադեմիական կրթությունը, որը ձեռք կբերեին, եթե սովորեին դասարանում:

 

Ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում դպրոցների փակման հետեւանքով ուսուցման բացթողումները հանգեցրել են նրան, որ 10 տարեկան երեխաների մինչեւ 70 տոկոսը չի կարողանում կարդալ կամ հասկանալ պարզ տեքստեր: Այս ցուցանիշը 53 տոկոսով բարձր է մինչեւ համավարակը գրանցված ցուցանիշից:

 

ԱՄՆ-ում ուսուցման բացթողումներ են գրանցվել շատ նահանգներում: Տեխասում, օրինակ, 3-րդ դասարանի երեխաների երկու երրորդը 2021 թվականին «Մաթեմատիկա» առարկայի քննությանը ցածր արդյունքներ է գրանցել՝ համեմատած 2019 թվականին քննություն հանձնած երեխաների կեսի գրանցած արդյունքների հետ:

 

Բրազիլիայի մի քանի նահանգներում 2-րդ դասարանցի 4 երեխայից 3-ը չունի բավարար գիտելիքներ ընթերցանությունից ՝ համեմատած մինչեւ համավարակը գրանցված 2-ից 1-ը ցուցանիշի հետ: Բրազիլիայում 10-15 տարեկան 10 աշակերտից 1-ը հայտնել է, որ չի պատրաստվում վերադառնալու դպրոց, երբ դրանք վերաբացվեն:

 

Տվյալները փաստում են, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով երեխաների եւ երիտասարդների շրջանում գրանցվել են տագնապի եւ դեպրեսիայի բարձր ցուցանիշներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին